Երգչուհի Իջինը տասնօրյա այցով Երևանում էր, չնայած միշտ որոշում է գալ և պարզապես հանգստանալ, բայց, ինչպես նշում է, դա նրան չի հաջողվում: Այս անգամ երգչուհին Հայաստանում էր մայրիկի, քրոջ և նրա ամուսնու հետ: Այս օրերի ընթացքում երգչուհին ընտանիքի անդամների հետ հասցրել է լինել Տաթևում, Նորավանքում, տեսել է Շաքիի ջրվեժը, ինչպես նաև մի քանի հաղորդումների հյուր է եղել:
Հայաստան գալու նպատակներից մեկն էլ իր և քրոջ ծննդյան օրերը նշելն էր: Երգչուհին սեպտեմբերի 15-ին դարձավ 29 տարեկան, իսկ ծննդյան խնջույքը նշեց մտերիմների և ընկերների շրջապատում: BlogNews.am-ը ներկայացնում է ծննդյան հետաքրքիր դրվագները:
«Այս անգամվա այցս համընկավ մի քանի իրադարձությունների հետ: Քույրս վաղուց էր պլանավորում ամուսնու հետ գալ Երևան, հանգստանալ, ինչպես նաև նշել ծնունդն այստեղ (նրա ծնունդն իմից մի քանի օր առաջ է)։ Այնպես ստացվեց, որ մայրս ևս եկել էր Հայաստան իր աշակերտուհի Լիլիթի հետ, ով պետք է մասնակցեր «Մանկական Եվրատեսիլին»: Լիլիթը կատարում է իմ երգը, որը գրել էի նրա համար: Ի դեպ, նա արդեն կիսաեզրափակիչ է անցել»:
Իջինը պատմում է, որ առաջին անգամ չէ, որ ծնունդը նշում է Երևանում․ «Դեռ երկու տարի առաջ կրկին այստեղ նշեցի, երբ մասնակցում էի «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Ես շատ ուրախ եմ, որ այսպես ստացվեց։ Սա երևի իմ ամենատպավորիչ ծննդյան օրերից էր։ Ամեն ինչ պարզապես հրաշալի անցավ, միայն հայրս չկարողացավ ներկա լինել:
Ամեն անգամ գալիս եմ Երևան աշխատանքի բերումով, իսկ այս անգամ ուզում էի գալ պարզապես իմ և քրոջս ծննդյան օրերը նշելու։ Բացի այդ՝ մայրիկիս հետ զբաղված ենք Լիլիթի ելույթի նախապատրաստական աշխատանքներով: Առաջին անգամ է, երբ ոչ թե ես եմ բեմում, այլ ինձ հարազատ մարդ, և այդ զգացողությունը լրիվ այլ է»: