Հայաստանում աշխատատեղերի ստեղծումից ոչ պակաս կարևոր է այդ աշխատատեղերում աշխատող մարդկանց վարձրատրության չափի ֆիքսումը: Չի կարելի մարդուն օրվա 8 ժամը վարձել ու դրա դիմաց տալ 80 կամ 100 հազար դրամ: Սակայն եթե պետությունն օրենսդրական մակարդակով գնա այս հարցի լուծմանը, ապա մասնավոր շատ ընկերություններ ուղղակի ֆինանսապես չեն կարողանա դուրս գալ այս բեռի տակից, ու կստացվի, որ ունքը հանելու տեղը աչքն էլ ենք հանում: Վստահ եմ, որ այս հարցի լուծումը կարելի է գտնել հարկային և մաքսային օրենսդրությունը վերանայելու ճանապարհով, թեթևացնելով որոշ հարկատեսակներ՝ պետությունը կարող է պայման դնել մասնավորի առաջ, իսկ այդ պայմանը պետք է լինի ֆիքսված ժաանակահատվածում աշխատավարձերի բարձրացումը: Ես չեմ հավատում իրավիճակին, երբ քաղաքացիների մեծ մասն ունենա ցածր եկամուտներ, իսկ պետությունն ունենա համեմատական մեծ բյուջե, ու երկիրը զարգանա: Փող ծախսողը, շրջանառություն ապահովողը սոցիալապես ցածր ու միջին խավն է: Մարդը պետք է կոնյակ, երշիկ, կաթնամթերք և այլ ապրանքներ շատ գնելու հնարավորություն ունենա, պետք է փող ունենա, որպեսզի ավելի շատ ծառայություններից օգտվի, դա կբերի շրջանառության աճի ու ավելի շատ մարդ, ժողովրդական լեզվով ասած, իրեն լավ կզգա: Իմ կարծիքով՝ պետք է հարկային ու մաքսային մարմինների և մասնավոր ընկերությունների շահերը ներկայացնողների միջև քննարկումներ լինեն այս հարցերի շուրջ, իսկ վարչապետն ու իր աշխատակազմը կազմակերպի այսպիսի քննարկումներ, մարդկանց ձեռքին պետք է փող լինի, մեծահարուստները մանրածախ առևտուր չեն անում, նրանք դրսում մեծ ներդրումներ են անում, ինչը երկրին օգուտ չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: