1991-ին, վստահ լինելով իր հաղթանակի վրա, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց նախընտրական քարոզարշավ անցկացնելու մտքից և ընդամենը մեկ հեռուստատեսային ուղերձով հաղթեց ընտրություններում...

Երևանի ավագանու ընտրություններում (հատկապես երեկվանից հետո) շատ հետաքրքիր շրջադարձերի հավանականություն կա: Նիկոլ Փաշինյանը խիստ անհանգիստ է այս համատեքստում և Երևանի ավագանու քարոզարշավը սեփական բենեֆիսի երեկոների վերածելու մոլուցքը հենց պայմանավորված է նրանով, որ տարբեր հրապարակային և մասնավոր հարցումներից պարզ է դառնում, որ նվազագույնը Փաշինյանի պատկերացրած քվեների բացարձակ մեծամասնությունը ստանալը խիստ կասկածի տակ է: Երեկ ԲՀԿ թեկնածուն փաստացի կարողացավ նվաճել ներկայիս իրավիճակին ընդդիմացող քաղաքացիներից շատերի համակրանքը: «Լույս» դաշինքը` որպես Փաշինյանի «աղքատ բարեկամ» (եզրույթի հեղինակային իրավունքները` Լևոն Մարգարյանի), երեկվա ԲՀԿ թեկնածուի ֆոնին, վստահաբար, բավականին շատ ձայներ կորցրեց: Տրամաբանություն չկա ընտրելու մի թիմի, որը վաղը-մյուս օրը (անգամ 5-7 տոկոս հավաքելու դեպքում) Երևանի քաղաքապետ է կարգելու Հայկ Մարությանին կամ ընտրելու մի թիմի, որն ընդհանրապես ընդդիմադիր երանգներ չունի և համարում է, որ «սրանք մրցակցային ընտրություններ չեն, այլ համագործակցային» և սրանով ակնհայտորեն պատրաստվում է դառնալ «Քայլ» դաշինքի արբանյակը Երևանում: 

«Քայլ» դաշինքն էլ իր հերթին շատ լավ հասկանում է, որ, անկախ «հետհեղափոխական» էյֆորիայից, չի կարողանալու իր պատկերացրած բացարձակ մեծամասնությունը ստանալ, և դրա համար Նիկոլ Փաշինյանն անձամբ է մասնակցում քարոզարշավին և օրեցօր ավելի է այն վերածում անհասկանալի ջղաձգումներով ուղեկցվող անհանդուրժողականության քարոզարշավի: Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ իրենք հաղթելու են իրենց պատկերացրած տոկոսային տարբերությամբ, անգամ չէր մասնակցի քարոզարշավին, ինչպես դա արեց Տեր-Պետրոսյանը 1991-ին, երբ հրաժարվեց նախագահական ընտրությունների քարոզարշավից և բավարարվեց ընդամենը մեկ հեռուստաուղերձով: Այնուամենայնիվ, Փաշինյանն անհանգիստ է, իսկ ընդդիմացողների շարքերը գնալով ավելի են ստվարանում: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում, տեսնենք՝ ինչ վերջնարդյունք ենք ունենալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել