Երբ «Արմավիան» դեռ չէր սնանկացել, կար մի գովազդային վահանակ, որտեղ հպարտությամբ նշվում էր, որ «Արմավիան» ազգային արժեք է: Տարօրինակ զուգադիպությամբ, երբ ամեն ինչ խառնվել է իրար, այդ ազգային արժեքը հանկարծ որոշեց, որ սնանկ է ճանաչվելու և երկար տարիների կուտակած պարտքերի պատճառով դադարեցրեց թռիչքներ իրականացնել: Բայց այս ամենը քիչ էր, այս ազգային արժեքին պետությունը որոշեց դատի տալ:
Երեկ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, թե «Արմավիա» ավիաընկերության դեմ դատական հայց է ներկայացվել: Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ընկերության՝ օդի հարկի գանձումների հետ կապված: Ֆինանսական մախինիզացիաների առումով բավականին պրիմիտիվ օրինակների շարքեր Հայաստանում շատ կան, դրանք հիմնականում իրականացվում են օֆշորային ընկերությունների միջոցով, բայց այդ մախինիզացիաներից, եթե տուժում են ազգային արժեքները, դա արդեն ազգային ողբերգություն է:
Ես չգիտեմ՝ ո՞ւմ հանճարեղ միտքն է եղել «Արմավիան» համարել ազգային արժեք, սակայն այս մեկ դեպքն ապացուցում է, որ իրական արժեքների փոխարեն կեղծ արժեքներով շրջապատված` մենք մի օր կարող ենք սնանկացումների շարքին ավելացնել իրական արժեքների սնանկացում: Այսօր արդեն ունենք բազմաթիվ նման օրինակներ, երբ «Արմավիա», «Սթար», նրանց միգուցե միանա «Սպայկա»-ն, ընկերությունները, իրենց սնանկ ճանաչելով, միգուցե մեղավոր են երկրի ֆինանսատնտեսական հիմքերի վերջնական կործանման համար, սակայն դրանք հաղթահարելի խոչընդոտներ են, որոնք միայն հմուտ վարչապետի ղեկավարմամբ կարելի է անցնցում անցկացնել, սակայն Ազգային արժեքների սնանկությունը կարող է հանգեցնել իրական ազգային ողբերգության, որի հետևանքները վերացնելն արդեն անհնար կլինի:
Մեր ազգային արժեքների ընկալումը շատ ցածր է, կամ ավելի ճիշտ՝ աղավաղված, ուստի հարկավոր է ճիշտ գնահատել բոլոր հերոսներին ու նրանց արածները, այլապես կկանգնենք սնանկացած ազգային արժեքների առջև:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=535138989854487&set=a.194781740556882.39701.100000751725454&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել