Շատերին է հետաքրքրում, թե որ մթերքի օգտագործումն է օգնում կանխարգելել ուռուցքների առաջացումը: Փորձենք պարզել: Կաթնաթթվային մթերքը ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների, հատկապես, գաստրիտի, դիսբակտերիոզի, փորկապությունների, կոլիտի կանխարգելման լավագույն միջոցն է: Դրանց մեջ պարունակվող կաթնաթթվային մանրէները ճնշում են աղիներում նեխման գործընթացը: Վերջերս գիտնականները մածունի և յոգուրտի մեջ հայտնաբերել են հակաուռուցքածին նյութեր, որոնք մարսողական օրգանները պաշտպանում են ուռուցքաբանական հիվանդություններից:
Մուգ կարմիր տեսակի խաղողը կամ կարմիր չոր գինին (օրական 1 գավաթից ոչ ավելի) օժտված են հակաքաղցկեղային ակտիվությամբ: Կենտուկիի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները բացահայտել են, որ մուգ գույնի խաղողի կորիզներն ու կճեպն օգնում են պայքարել լեյկեմիայի դեմ: Փորձարկումների ընթացքում հիվանդներին առաջարկվել է ընդունել խաղողի կորիզների հյութամզվածք: Պարզվել է, որ հյութամզվածքում պարունակվող ռեսվերատրոլն ակտիվացնում է սպիտակուցը, որն էլ հանգեցնում է վատ բջիջների ոչնչացման: Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտություններն ապացուցել են ռեսվերատրոլի` ստամոքսի քաղցկեղի նվազման ռիսկի ունակությունը, ինչպես նաև դրա ճնշման ազդեցությունն արդեն կազմավորված ուռուցքի զարգացման վրա:
Լոլիկն օգնում է նվազեցնել կերակրափողի, կրծքագեղձի, թոքերի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, հատկապես, շագանակագեղձի, հաստ և ուղիղ աղիների չարորակ ուռուցքների ռիսկը, շնորհիվ դրա մեջ առկա կարոտինոիդ լիկոպենի պարունակության: Իտալացի գիտնականներն ուսումնասիրել են աղիների քաղցկեղով հիվանդությամբ 2700 պացիենտների սննդակարգը և այն համեմատել պարբերաբար լոլիկ օգտագործող 2900 լիովին առողջ մարդկանց հետ: Պարզվել է, որ լոլիկային սննդակարգի հետևորդներն աղիների քաղցկեղով հիվանդացել են 30-40%-ով ավելի քիչ, քան նրանք, ովքեր լոլիկ օգտագործել են դեպից դեպք:
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները 6 տարվա ընթացքում հետևել են 47 հազար տղամարդու, ովքեր ռիսկի խմբում են գտնվել: Մի խումբն ամեն օր լոլիկ է օգտագործել, իսկ մյուս խումբն ընդհանրապես այդ բանջարեղենը չի կերել: Լոլիկի սիրահարների մոտ շագանակագեղձի քաղցկեղի հիվանդացության ռիսկը 21-34%-ով նվազել է: Ֆիլադելֆիայի և Դետրոյթի ուռուցքաբանների հետազոտությունները պարզել են, որ վիրահատությունից առաջ լիկոպեն ընդունած շագանակագեղձի քաղցկեղով պացիենտների մոտ հեռացված ուռուցքն ավելի փոքր չափերի է եղել և մետաստազներ հազվադեպ են զարգացել: Հետազոտվող խմբի պացիենտներն օրական մոտ 460 գրամ լոլիկ են կերել, ընդ որում, ոչ միայն հում վիճակում: Լիկոպենն օգտակար հատկությունները չի կորցնում նույնիսկ, եթե լոլիկը խաշվել կամ տապակվել է:
Նարնջի և մանդարինի մեջ հայտնաբերվել են թոքերը քաղցկեղից պաշտպանող բնական նյութեր: Ամերիկացի գիտնականներն այս մրգերից ստացել են 22 ակտիվ նյութերի հյութամզվածքներ, այդ թվում` տանգերետին, նոբիլետին և սինենսետին, որոնք կրճատում են ուռուցքային բջիջների բազմացումը: 1 բաժակ նարնջի թարմ քամած հյութը բավական է, որպեսզի օրգանիզմի օրական պահանջը ասկորբինաթթվով լրացվի, նաև բջիջները պաշտպանի ուռուցքների առաջացումից:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ արյան մեջ վիտամին E-ի բարձր պարունակությամբ կանայք հազվադեպ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով: Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հոդին հատուկ նշանակություն է տալիս ձիթապտղի ձեթին, որի մեջ այս վիտամինի պարունակությունը բարձր է: Նրա կարծիքով, այն 25%-ով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Ձկան մեջ պարունակվող օմեգա-3 կիսաչհագեցած ճարպաթթուները նույնպես ունակ են կանանց պաշտպանել կրծքագեղձի քաղցկեղից: Իսկ սելենը, որը պարունակվում է գրեթե բոլոր տեսակի ծովամթերքի մեջ, օգնում է կանխարգելել ենթաստամոքսային գեղձի և շագանակագեղձի ուռուցքների զարգացումը:
Կաղամբի բոլոր տեսակները (հատկապես բրոկոլին), բժիշկների հավաստմամբ, պարունակում են սուլֆորաֆան, որն ունակ է ճնշել ուռուցքի աճը:
Սկզբնաղբյուր. «Առողջապահության լրատու»



