«Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքն Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով»,- ասաց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց, ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում»,- ասաց Հովհաննիսյանը:
Նախիջևանն այն տրոյական ձին է լինելու, որը մնալու է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի զինված ուժերի թիկունքում Ղարաբաղում պատերազմի դեպքում: Նախիջևանից հարվածի տակ են պահվելու Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզն, ու դամոկլյան սուր կախված լինի մայրաքաղաք Երևանի վրա․ Նախիջևանից հրթիռները հնարավորություն ունեն հասնելու ՀՀ-ի մայրաքաղաք:
Ուժեղացնելով նախիջևանյան պլացդարմը՝ Բաքուն նպատակ ունի փոշիացնելու, ցրելու ՀՀ-ի ուժերի տարբեր ճակատներով` ղարաբաղյան, Տավուշ (հայ-ադրբեջանական սահման), ինչպես նաև Նախիջևան: Այստեղ կենտրոնացած հայկական ուժերը ստիպված կլինեն Արցախում պատերազմի դեպքում մնալ իրենց դիրքերում, խրամատներում, այլ ոչ թե օգնության շտապեն Գորիս-Լաչին ճանապարհով դեպի Արցախ:
Նույն ռազմավարությունն է Բաքուն օգտագործելու Տավուշի ուղղությամբ` կրակի տակ պահելով ՀՀ-Վրաստան կյանքի ճանապարհն ու սահմանամերձ գյուղեր, թույլ չի տալու 3-րդ բանակային կորպուսի լրացուցիչ ուժերին տեղաշարժվել Արցախ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհով:
Ադրբեջանը պատրաստվում է թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանական մարտերին` մեծ քանակությամբ հարվածային անօդաչուներ գնելով (որոշ տեսակներ արդեն իսկ արտադրվում են Ադրբեջանում), հակատանկային միջոցներ` իսրայելական, ռուսական, ուկրաինական, որպեսզի թույլ չտան հայկական ուժերին տանկային գրոհներով դուրս գալու օպերատիվ խորություն` Քուռ գետի ափ ու Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող Գյանջա-ղազախական տնտեսական շրջան․ այնտեղով են անցնում բոլոր նավթագազամուղերը, Բաքու-Թբիլիսի երկաթուղին, Վրաստան-Ադրբեջան միջպետական ճանապարհը:
Ադրբեջանի միլիտարիզացիայի աստիճանը պետք է ահազանգ լինի․ ՀՀ-ԼՂՀ-ն պետք է ավելացնել թե՛ ռազմական բյուջեն, թե՛ նոր զինատեսակներ գնեն, ինչպես նաև հնարավորության սահմաններում բարելավեն առաջնագծի կոնֆիգուրացիան չեզոք գոտիների հաշվին, այլ ինժեներական հնարքների միջոցով: