Կրկին խոսքս սկսում եմ նրանով, որ պահեստազորի սպա եմ ու ապրում եմ հայրենիքիցս հեռու, բայց դրսի կյանքը մերը չէ: Այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ Երևան-Սևան մայրուղու վրա, բնականաբար ցավալի ու ողբերգական էր, բայց եկեք տեսեք, որ դա այն է, ինչի մասին շատ ու շատ մարդիկ բարձրաձայնում էին տարիներ առաջ, սակայն նրանց ոչ մի լսող չկար: Ավելին, եղածը ավելի վտանգավոր տեղ գնալու միտում ու խորքեր ունի: Հիմա ամեն ինչ խառնվել է իրար, ամեն մեկը մի բան է ասում, ամեն մեկը մեղադրում է մյուսին, հաշիվներ են մաքրում, իսկ նորօրյա «սրբերը» ինչպիսիք սաքունցներն ու լևոններն են, ասում են` տեսեք՝ ռեժիմը կրկին փրկվեց: Դա միայն մի բան է նշանակում ու ապացուցում այն, ինչ իրենք հերքում են ամեն օր: Փաստորեն, դուք նման դեպքի և զարգացումների եք սպասում, որ ռեժիմը փոխեք էլի կամ առնվազն նպաստեք դրան: Բա հերքում եք: Բայց դա առանձին թեմա է: Դրանցով զբաղվելու ժամանակ կունենանք, մի օր դրանց ժողովուրդն է լարելու, այո՛, ժողովուրդը, երբ հասունանա մի քիչ էլ ու իշխանությանն էլ իր տեղը դնի, դրանց էլ է «մի տեղ» ուղարկելու: Ուղղակի հիմա օգտվում են ժողովրդի անօգնական վիճակից ու հրահրում նրանց:

Դեռ մի 10-15 տարի առաջ վաստակավոր մշակութային գործիչները ու կյանք տեսած մարդիկ բազմիցս ասում էին, որ այն արժեքները, որ քարոզում է ժամանակակից հեռուստատեսությունը, մամուլը մի օր բերելու են ողբերգությունների շարքի: Անձամբ իմ ծառայած զորամասերում 10-12 նման դեպք գիտեմ, որ անիմաստ վեճերի ու հայհոյանքների պատճառով մատաղ տղերք են գնացել: Երբ մանրամասն ուսումնասիրում էինք` ինչ է եղել, ուղղակի ողբերգական է, գողական բարքեր, որ բերել են քաղաքացիական կյանքից: Սա հենց այն է, ինչ այսօր նույն կայքերը շարունակում են: Մանրամասնելով ողբերգությունը, նշելով մեղավորներին` որոշ լրատվամիջոցներ չեն հասկանում, որ հաջորդ րոպեին տպելով գողերի ցուցակը իրենց մեծ ներդրումը ունեն հաջորդ նման դեպքի համար: Մոռացել են, թե մի քանի ամիս առաջ ոնց էին մի հանցագործ տականքի սպանությունն ու թաղումը վերածել Նապոլեոնի կենսագրության գովազդի: Բոլորը մոռացել են դա ու մեղադրում են բանակին ու սպաներին: Նախ մի բան էլ ասեմ, այդ սպաները էլի ձեր դաստիարակածներն են, հիմնականում 25-35 տարեկան սպաները նույն այդ գողական վիպուսկն են, որոնք էլ են անցել ձեր մսաղացով: Հիշում եմ՝ գումարտակի հրամանատարի տեղակալ էի մեր ռազմական ինստիտուտի առաջին շրջանավարտ սպաները եկան: 17 սպա եկավ մեր զորամաս, ընդամենը մեկը նորմալ տղա էր ու պատրաստված սպա ու երկու տարի հետո դարձավ վաշտի հրամանատար: Մնացածը տարրական պատկերացում չունեին բանակի մասին և քիչ էին տարբերվում զինվորներից: Մեղադրել շատերին կարող ենք, բայց դա հենց այն սերունդն է, որին մենք ենք դաստիարակել, նախ տանը, հետո դպրոցում ու բակում, հետո էլ ինստիտուտներում, բայց հերիք է ինքնախաբեությամբ զբաղվենք, մենք լավ գիտենք` ինչպես ենք դաստիարակել` դատարկ ու փողոցային սերունդ, որը հեռավոր կապ անգամ չունի հայ տեսակի հետ: Նա լինի երիտասարդ սպա, թե` զինվոր:

Սակայն ամենավրդովեցուցիչը, ինչպես անցած անգամ էի նշում, նախարարի հասցեին հնչեցված մեղադրանքներն են: Այն էմոցիոնալ ու անհիմն հայհոյանքները դեռ ինչ-որ կերպ հասկանալի են, մարդիկ ողբի մեջ են ու անում են նման բաներ, բայց որ այսպես կոչված մեկնաբանները, մշակույթի գործիչներն են գրում, կատաղում եմ: Ձեզանից քանի՞սն է այդ Նոյեմբերյանի զորամասի դիրքերում մի ժամ եղել, որ պատկերացում կազմի: Քֆուրի համար սպանած զինվորին համեմատում են Արցախյան հերոսների հետ: Դուք տարրական պատկերացում չունեք բանակի մասին: Պաշտպանության նախարարի վիճակը այսօր դյուրին չէ: Մի կողմից՝ հին «քյարթու», ինչպես անցած անգամ ասացի, սալդաֆոնների բանակ, որոնք նախարարի բերած նոր կադրերի հետ յոլա չեն գնում և մեծապես խանգարում են զարգացումներին: Մյուս կողմից՝ արմատացած կոռուպցիա, որը արմատախիլ անելու համար մեծ ջանքեր են հարկավոր:  Իհարկե, նա հսկայական բան արդեն արել է, մասնավորապես, ակադեմիաների ընդունելությունը, գնումները և այլն: Ով բանակի ներսից է եղել, գիտի դրանց վիճակը մի 10 տարի առաջ ու հիմա: Սակայն դեռ շատ գործեր կան այդ ոլորտում: Սակայն նախարարի համար ամենադժվարը այդ ամենը չէ, այլ այն, որ իր բարեփոխումների գագաթնակետում է հիմա, իսկ հասարակական մթնոլորտը այս առումով ուղղորդվում է սև ուժերի կողմից: 2000-ական թվականների սկզբին, եթե որևէ գնդի հրամանատարի մոտ լիներ ինչ-որ մահվան դեպք, ապա նրան ոչ մեկ ծառայությունից չէր ազատի, առաջինը կնայեին իր անցած ուղուն, իր ծառայության ձեռքբերումներին, ու նա կպրծներ ասենք նկատողությամբ, կրտսեր օղակի սպաները ավելի խիստ պատիժներով, շատ քչերը դասակ-վաշտ օղակից կդատապարտվեին: Լինում էին դեպքեր, երբ գնդի հրամանատարը տարվա ընթացքում ունենար 2-3 դեպք, սակայն չէր ազատվում պաշտոնից: Նույնը վերաբերում էր գումարտակի հրամանատարներին, որոնցից շատ-շատ կրկնակի դեպքերի ժամանակ կտեղափոխեին այլ զորամաս: Ներկայումս ու արդեն մի 4-5 տարի է ցանկացած դեպքի ժամանակ դասակ-վաշտ օղակի սպաները պարտադիր դատվում են, գումարտակի և գնդի հրամանատարները, որպես կանոն, ազատվում են կամ պաշտոնից իջեցվում: Բնականաբար, տեղակալները ևս նույն բախտին են արժանանում: Այսինքն՝ 5-6 մայոր ու փոխգնդապետ դատվում կամ հեռացվում են բանակից: Հիմա այսքանից հետո որևէ մեկը սթափ ուղեղով թող ասի, որ սպաները մատների արանքով են նայում կարգուկանոնին: Նման բան լինել չի կարող, քանի որ այդ օղակի սպաները ամենադժվարը անցել են, ու ընդամենը մի քանի տարի է մնում, որ, գոնե, տուն ստանան, թոշակի գնան ու նման դեպքերը իրենց ճակատագիրը խաթարում են: Եթե մի 10 տարի առաջ ոչ մի մեծ ու մանր դեպք մամուլում չէր քննարկվում, այսօր բանակի ամեն մի դրվագ միանգամից հասարակական հնչեղություն է ստանում, և հետաքրքիրն էլ այն է, որ նախարարը ինքն է նման թափանցիկության կողմնակից:

Ահա թե ինչ փուլում է նախարար Սեյրան Օհանյանը, ահա թե ինչ բարեփոխումներ է նա իրականացնում, որպեսզի դեպքերը քչանան: Ահա թե ինչ գնով են ավելի դեգրադացված սերնդի զինվորները 2000-ականների սկզբներից երկու անգամ քիչ մահանում բանակում: Հատուկ նշեմ, որ այդ ժամանակներում դեպքերը տարեկան մոտ 80-100 էին, դրանից առաջ, իհարկե, ավելի շատ, հիմա արդեն մի քանի տարի է 40-50: Իհարկե, հայոց բանակը երեք հիմնական նախարարներ են ոտքի կանգնացրել` հիմնադիր Վազգեն Սարգսյան, կայացնող Սերժ Սարգսյան և ներկայումս կերպարանափոխման ամենածանր լուծը կրող Սեյրան Օհանյան: Այսօր նախարարը դարերի կարծրատիպեր է կոտրում և նոր բանակ ստեղծում, ահա թե ինչ խնդիր է նա կատարում: Ես անցած անգամ գրեցի, որ ես չդիմացա, բայց ինքը դիմանում է, հալալ է, հուսանք՝ իր գործը մինչև վերջ կտանի, ես վստահ եմ:

Հ.Գ. 1920թ. երբ սոված ու որբ Հայաստանը երազանք ուներ և մեջքը կամաց-կամաց շտկում էր, հայտնվեցին մեր «նորօրյա սրբերի» կարմիր հայրերը և գոռացին` վերջ, բավական է ձեր որդիները զոհվեն այս դաշնակների համար: Արդյունքը բոլորին է հայտնի, հիմա դրանց որդիները նույնն են գոռում մի տարբերությամբ. դաշնակների փոխարեն ռեժիմ են գոռում: Կապ չունի՝ ինչպես և ով կտապալվի աթոռից, կապ ունի այն, որ պատերազմի ժամանակ դա կկրկնի 1920թ.:

 

Հարություն Կարապետյան, 
պահեստազորի փոխգնդապետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել