Հին ասույթ կա, թե իբրև «կարկուտը ծեծած տեղն է ծեծում», որը թե՛ ուղղակի և թե՛ փոխաբերական իմաստով օգտագործվում է կենցաղում: Այսօր կառավարության ընդունած որոշումից կերևա, թե ինչքանով է «կարկուտը ծեծած տեղը ծեծում»: Նախօրեին վարչապետի մակարդակով տեղի է ունեցել հանդիպում կարկտահարությունից տուժած բնակիչների հետ, ու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կլուծվեն տուժածների խնդիրները: Սա անշուշտ ողջունելի է, սակայն կա մի «բայց», որը շատ կարևոր է: Իմ կարծիքով կառավարությունը պետք է գյուղատնտեսության վարման, զարգացման ու հեռանկարային գործունեության համար սահմանի հստակ խաղի կանոններ, որպեսզի բնական աղետալի ազդակները չթողնեն մարդկանց ապրուստի վերջին միջոցից զրկվելու էֆեկտ: Միգուցե կան նշված խաղի կանոնները, սակայն դրանց գործունեությունը այս պահին չի աշխատում, օրինակները խոսում են այդ մասին: Չի կարելի մոռանալ, որ կառավարության կողմից փորձ արվեց հակակարկտակայանների տեղադրմամբ խուսափել ռիսկի մեծ ծավալներից, սակայն կարկուտի ամպը փաստացի ցրվում է մի տեղանքում, հավաքվում է մյուս տեղանքի վրա: Այժմ արդեն որոշում է կայացվել Արմավիրի մարզում ևս տեղադրել այդ կայանների ևս մի խմբաքանակ: Այնինչ կարելի է ոչ թե այդպիսի ահռելի գումարներ ծախսել, որի էֆեկտիվությունը այնքան էլ գոհացուցիչ չէ, մեղմ ասած, այլ ավելի քիչ գումարներ ծախսել ու տեխնիկական եղանակով խուսափել վնասից: Այդպիսի եղանակներ բազմաթիվ են ու կիրառելի են աշխարհում:
Ինչևէ, անկախ այն բանից, թե ինչպիսի որոշում կկայացնի այսօր կառավարությունը, այնուամենայնիվ, գյուղացիներին օգնելով ու փոխհատուցումը, նույնիսկ 100 %-ով, իրականացնելով, հարցը չի լուծվի, անհրաժեշտ են մասնագիտական ու հնարամիտ մոտեցումներ:



