Ապրիլի 23-ին Քավոր Հարութի և Վարդան Ղուկասյանի կլանների միջև հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի արդյունքում հիվանդանոց էին տեղափոխվել Քավոր Հարութը և Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») առողջական վիճակը այնքան էլ լավ չէ, նախաինֆարկտային նշաններ են ի հայտ եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Հարություն Խաչատրյանը:

Նա նշեց, որ Գյուլբենկյան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մեկ շաբաթ էլ Երեւանի հիվանդանոցներից մեկում է պառկել, բուժումներ ստացել, այժմ դրանք շարունակում է Գյումրիում` տանը: «Ուսս նորմալ է, սիրտս լավ չի, նախաինֆարկտային վիճակ է, բուժումներ եմ ստանում»,- նշեց նա:

Նա նշեց, որ որդուն` կալանավորված Գեւորգ Խաչատրյանին, չի տեսել, քանի որ նրան չի թույլատրվում տեսակցություն: Նրա ինքնազգացողությունը այդքան էլ լավ չէր, ուստի չկարողացավ պատասխանել այլ հարցերի: Միայն խնդրեցինք մեկնաբանել տեղեկությունները, թե վենդետա լինելու է Գյումրիում, թե ոչ, նա պատասխանեց. «Ուրիշներին մի լսեք: Ես հիմա ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել, ի վիճակի չեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել