Շուտով հայ ժողովուրդը կնշի Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման տարեդարձը: Չնայած ներքին և արտաքին բարդ պայմաններին, ինչպիսիք էին շուրջ 300 հազար գաղթականները, քայքայված տնտեսությունը, հարևան երկրների հետ տարածքային խնդիրները, պետական կառավարման փորձի բացակայությունը, այնուամենայնիվ կառավարությունը գործնական քայլերի դիմեց գյուղատնտեսության զարգացման համար: Պետությունը 1920 թ. 225 միլիոն ռուբլու վարկ բացեց գյուղացուն սերմացուով ապահովելու համար: Ստեղծվեց «Սերմագնման հատուկ կոմիտե», իսկ գյուղատնտեսական գործիքներ գնելու համար խորհրդարանի որոշմամբ 1920 թ. մարտին 50 միլիոն ռուբլու վարկ տրամադրվեց: Գյուղացիական տնտեսությունների ոռոգման նպատակով հեղինակավոր մասնագետ Զավալշինի գլխավորությամբ 70 հոգանոց հանձնախումբ ստեղծվեց, որոնք նախագծեցին բազմաթիվ ջրանցքներ: Այսպիսով, Հայաստանի Առաջին Հանրապետությունը զգալի ջանքեր գործադրեց գյուղատնտեսության սուբսիդավորման և վերականգման նպատակով, սակայն դրանք ավարտին չհասցվեցին հայ-թուրքական պատերազմի և Հայաստանի խորհրդայնացման պատճառով:
պատմական գիտ. թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյան