ՀՖՖ գործադիր կոմիտեում ընդգրկված պիտի լինեն ոլորտի ներկայացուցիչներ ու պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե օրվա իշխանության յուրայիններ ու պաշտոնյաներ: Այս մասին ասված է քաղաքագետ Գագիկ Համբարյանի բաց նամակում, որը նա ուղղել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Քաղաքագետն իր նամակում հիշեցրել է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեի առաջիկա հնարավոր կազմի մեջ է մտնում նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ապա հարցրել, թե սկանդալների մեջ հայտնված նախարարն ինչ սկզբունքով է այնտեղ ընդգրկվել:
Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգարժան պարոն Վանեցյան,
Այսօր հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առաջիկա հնարավոր կազմը, որը, անկեղծ ասած, տարակուսանք է հարուցել հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների շրջանում:
Այսինքն՝ մոտեցումներն ու սկզբունքները նույնն են մնացել: ՀՀ վարչապետի ու նոր կառավարության հանդեպ ունեցած հարգանքով հանդերձ՝ խնդրում ենք բացատրել ի՞նչ սկզբունքով է որոշվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմում ընդգրկել, օրինակ, Առողջապահության նախարարին, ով նախարար նշանակվելուց անմիջապես հետո բազմաթիվ սկանդալների հեղինակ է և իր գործողություններով ու հայտարարություններով արժանացել իր իսկ ղեկավարած ոլորտի մասնագետների, մեղմ ասած, բացասական վերաբերմունքին: Եթե իրոք նախարարն ուներ զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիր, ինչո՞ւ էր զորակոչվել, իսկ եթե չուներ խնդիր ու ծառայության ընթացքում է ձեռք բերել այդ ծանր հիվանդությունը, ինչպե՞ս է այն համատեղում ՀՀ նախարարի պաշտոնի հետ և ինչպե՞ս է այն համատեղելու ՀՖՖ գործկոմի անդամի պարտականությունների հետ: Ուսումնասիրեք, պարո՛ն Վանեցյան, բժշկական հանրությունը վստահ է, որ հաստատ հետաքրքիր բացահայտումներ կլինեն:
Հիմա դառնալով բուն թեմային՝ ժամանակն է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեում ընդգրկված լինեն ոլորտի ներկայացուցիչներ ու պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե օրվա իշխանության յուրայիններ ու պաշտոնյաներ: Ժամանակն է գործնականում ապացուցեք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ու ֆուտբոլի նկատմամբ պետության վերաբերմունքի հարցում ևս իրավիճակ է փոխվել:
Վերջապես,բոլորս էլ ուզում ենք ուրախանալ մեր ֆուտբոլի հավաքականի հաջողություններով»: