«Սա 21-րդ դարն է: Այս տարի մենք նշում են 70 տարին, ինչ ընդունել ենք Կոնվենցիան և պարտավորվել այլևս երբեք թույլ չտալ այս հանցագործությանը տեղի ունենալ: Դրանից ի վեր մենք բազմիցս բարձրաձայնել ենք «այլևս երբեք»-ը, սակայն ցեղասպանությունների իրագործումը դեռ չի դադարել»,-հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկման ժամանակ իր բացման խոսքում։

Նա ընդգծել է՝ ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը: Մասնավորապես մտահոգիչ է բազմակողմանիության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի միջազգային հանձնառության զգալի անկումն այն ժամանակ, երբ այս առումով մենք առավել շատ միջազգային համագործակցության և առավել ամուր կառույցների, հատկապես ՄԱԿ-ի կարիքն ունենք:

«Ցեղասպանությունները գուցե հաճախ չեն իրագործվում, սակայն, որքան էլ հազվադեպ լինեն, դրանք ծանրագույն հանցագործություններ են: Նման հանցագործությունների վերաբերյալ իրավական նորմերի անհրաժեշտության հարցում թերահավատներին ուղղված Լեմկինի փաստարկը ցեղասպանությունների թիրախային խմբի անվերադարձ կորուստն էր, մինչդեռ ցեղասպանություն վերապրածներն ընդմիշտ զրկվում են իրենց ինքնության կարևորագույն մասից: Սա մենք գիտենք սեփական փորձից:

Դեկտեմբերի 9-ից չորս ամիս առաջ հիշեցնում եմ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վավերացման և դրան միանալու վերբերյալ հիասթափեցնող վիճակագրության մասին: Միավորված ազգերի կազմակերպության անդամների գրեթե մեկ քառորդը ձգձգում են միացումն այս կարևորագույն միջազգային գործիքին»,-ասել է ԱԳ նախարարը։

Մնացականյանը նշել է՝ Կոնվենցիայի 70-ամյակի նախօրեին և որպես երկիր, որը հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանության կանխարգելման օրակարգը, այդ թվում և Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակներում, Հայաստանը միանում է Կոնվենցիայի համընդհանրացման վերաբերյալ Հատուկ խորհրդականի կոչին:

«Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնել է վաղ կանխարգելման կարևորության և առաջնայնության մասին, ինչը պահանջում է բավարար կարողություններ իրավիճակների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց արձագանքելու համար, որոնք չլուծվելու դեպքում կարող են հանգեցնել անվերահսկելի վատթարացումների ընդհուպ միչև զանգվածային հանցագործությունների իրականացումը։ Վաղ կանխարգելումը նշանակում է վաղ գործողություններ»,-հիշեցրել է նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել