
Այսօր ԱԺ նիստի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Կառավարության ծրագրի դեմ հնչած քննադատություններին անդրադառնալով, նշեց, թե ընդդիմությունն իրենց մեղադրեց բազմաթիվ մեղքերի մեջ՝ մոռանալով տեսնել սեփական սխալները։
«Ասում են՝ Կառավարությունը նախորդն է, որը ձախողված է և չպետք է այստեղ գար։ Եթե ձախողումից եք խոսում, եկեք տեսեք, թե ո՞վ է ձախողում տվել, ո՞վ է ավագանու ընտրություններին ինչքան ձայն է ստացել, որոնք անվավերներից ավելի քիչ էին»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց նա։
«Ձեր յոթհոգանոց քաղաքական խմբակցությունում հինգ տարբեր տեսակետներ կան, մյուս հինգհոգանոց խմբակցությունում՝ երեք։ Մյուսում՝ օրհասական է քաղաքական սերնդափոխության հարցը»,- ասաց նա առաջինի դեպքում նկատի ունենալով «Հայ ազգային կոնգրես» խմբակցությանը, երկրորդի դեպքում՝ «Ժառանգությանը», իսկ երրորդի՝ ՀՅԴ-ին։
«Կասեք՝ իմ գործը չէ՞։ Իրականում իմ գործն էլ է, ես շահախնդիր եմ կայացած ընդդիմության համար»,- ասաց նախարարը։
Աշոտյանը նշեց, թե խոսում են արտագաղթի մասին, հիասթափության մասին։ «Բայց կասե՞ք, երբ ավելի շատ մարդ հիասթափվեց, երբ Սերժ Սարգսյանն առաջադրվեց, և ոչ մեկ չառաջադրվե՞ց, թե՞ երբ երեք ուժերը միասին քննադատում էին չորրորդին, ով առաջադրվեց։ Ռուսական շոուբիզնեսի հետ համեմատություն ասեմ, էլի կնեղանաք, բայց խնդրում եմ չնեղանալ. նման տրամաբանությունը՝ ՀԱԿ խմբակցություն, ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ, այս ամենը հիշեցնում է 90-ականները, երբ հինգ հատ «Ласковый май» էր պտտվում գաստրոլների»,- ասաց նա և իր կողմից խորհուրդ տվեց, որ լիբերալները ստեղծեն լիբերալների ճակատ, սոցիալիստները՝ սոցիալիստական։
Աշոտյանի ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև՝



