հատված «Խորհելու ժամանակը» գրքից , 2003թ.
Էթնոսին բնորոշող գլխավոր հատկանիշներից է ընդհանուր ճակատագրով կապվածության զգացումը, երբ էթնոսի յուրաքանչյուր անդամ ենթագիտակցորեն զգում է, որ իր անվտանգությունն ու գոյությունն ընդհանրապես պայմանավորված է իր ցեղակիցների թվաքանակով, հզորությամբ, և որ ցեղի թուլացումն ի վերջո սպառնալու է իր իսկ գոյությանը: Այս զգացողությունը բնազդի տեսքով բնորոշ է նաև կենդանիներին (շնագայլեր, ձիեր և այլն), որն ստիպում է հոգ տանել ոչ միայն իրենց սեփական, այլև ցեղակից մյուս ձագերի համար՝ հանդիսանալով գոյության կռվում տեսակի պահպանության գլխավոր գրավականը: Այդ բնազդից մասնակիորեն զուրկ է թերևս միայն առյուծը, գլխավորապես այն պատճառով, որ բնության կողմից բավականաչափ հզորությամբ օժտված լինելով՝ չունի ընդհանուր վտանգի դեմ միավորվելու անհրաժեշտություն. նրան հակառակորդ կարող է լինել միայն իր ցեղակիցը, և նա, իր հետագա գոյությամբ մտահոգված, հոշոտում է իր նմանի ձագերին (երբեմն նաև իր): Մեր իրականության մանրակրկիտ ուսումնասիրությունից կարելի է հանգել անչափ տխուր մի հետևության. երկու հազար տարի անոմալ պայմաններում պահված մեր ժողովրդի մոտ տեղի է ունեցել մուտացիա, այն գրեթե կորցրել է էթնոսի անդամների՝ ճակատագրորեն միմյանց կապվածության զգացողությունը, ու տեսակի պահպանության, Աստծո կողմից տրված, զգացողությանը փոխարինելու է եկել ինքնաոչնչացման ոչնչով չկաշկանդվող տենդը, և հայ մարդը (համատարած) իր երկու-երեք զավակի գոյությունն ապահովելու համար պատրաստ է իր տեսակի տասնյակ զավակների զրկել գոյության հնարավորությունից՝ անկարող լինելով գիտակցել, որ իր այդպիսի վարքով վտանգ է ստեղծում իր իսկ սերունդի համար:



