Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ւմ քայլը» դաշինքի՝ Դավթաշենում անցկացված հանրահավաքի ժամանակ հնչեցրած բավականին կտրուկ հայտարարությունների վերաբերյալ Tert.am –ը զրուցել է պատմական և քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի հետ:

-Պարո՛ն Քեռյան, Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետին ու ԱԱԾ պետին առաջարկեց 2 ժամվա մեջ «ռեյդեր» անել ու «պառկեցնել» օլիգարխների թիկնազորներին: Հիմա, նոր Հայաստանի պայմաններում ՀՀ-ում դասական իմաստով քանի՞ օլիգարխ կա ու արդյոք խոսքը բոլոր հարուստ մարդկանց մասին չէ: Սա արդյոք պատերազմ չէ՞ հարուստների դեմ և սա որքանո՞վ է նպաստում մեր երկրում խոշոր կապիտալի մնալուն ու ներդրումներ անելու կոչերին, խոստումներին, որ ներդրումները Հայաստանում պաշտպանված են լինելու:

-Նուրբ հարց է  դա և շատ դժվար է գլխի ընկնել, թե կոնկրետ այս այդ խոսքերի տակ ի՞նչ իմաստ էր դրված: Ամեն մարդ տարբեր կերպ դա կարող է հասկանալ. մեկը  կարող է մեկնաբանել որպես, ասենք՝ պետական կառույցների կողմից տնտեսվարող սուբյեկտների վրա ճնշում, ոմանք կարող են հասկանալ հակառակը՝ խոշոր կապիտալի տերերի ու փողատերերի կողմից պետական իշխանության գործերին, արդարադատությանը խառնվելու գործընթացի կանխում, մյուսները կարող են հասկանալ, որ այդ խոսքերն ուղղված էին նրանց, ովքեր ունեն հսկայական ֆինանսական ռեսուրսներ և փորձում են խոչընդոտել մայիսից Հայաստանում սկսված գործընթացներին՝«Թավշյա հեղափոխությանը»: Հիմա անդրադառնանք «օլիգարխ» հասկացությանը. գիտականորեն դա ավելի շատ նշանակում է մեծահարուստ, խոշոր կապիտալի տեր մարդ, գործարար, որը կարող է իր ֆինանսական, տնտեսական ռեսուրսները կիրառել պետության որոշումների կայացման վրա ազդելու համար: Այսինքն՝ եթե նույն կարողության 2 մարդ ունենք, մեկը ճնշում է գործադրում պետական որոշումների ընդունման վրա, մյուսը՝ ոչ, այդ ճնշում գործադրողն օլիգարխ է: Այսինքն՝ իր ֆինանսական կարողությունն օգտագործում է քաղաքական նպատակներով:  Հիմա. շատ հնարավոր է, որ վարչապետի մոտ լինի ինֆորմացիա, որ նման խոշոր կարողությունների տեր որոշ մարդիկ փորձում են իրենց կապիտալը  կամ ռեսուրսներն օգտագործել պետության վրա ազդելու համար: Դրա համար, տվյալ պահին նա բորբոքված նման հայտարարություններ արեց:

-Այսինքն՝ պայմանական ասած՝ առաջարկեց պառկեցնել այն մարդկանց, ովքեր ի վիճակի են գնել թանկարժեք գաղտնալսող սարքեր:

-Այո, նաև դա, բայց, նորից եմ ասում, այստեղ այդ խոսքը կարող է տարբեր կերպ ընկալվել:  Երևի թե, ինքն ավելի լավ պարզաբանի,  բացատրի, թե ինչ ենթատեքստ ուներ, եթե իրեն հարց տան լրագրողները. կոնկրետ օլիգարխներին զրկե՞լ անձնական թիկնազորերից, թե դա պարզապես առերևույթն էր, իրականում դրա տակ կարող էր նախազգուշացում լինել այն մարդկանց, ովքեր մեծ ռեսուրսներ ունեն, փորձում են տանել քաղաքական գործընթացներն իրենց համար նպաստավոր հունով: Բայց ճիշտ եք նկատել, որ այստեղ կա բացասական որոշ երանգ, ինչը դրսից կապիտալ ներդրողների համար կարող է վախեցնող ազդեցություն ունենալ:

-Օրինակ՝ այս կառավարությունը խնդիր ունի  ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերության, իտալական «Ռենկո» -ի հետ, ռուսաստանյան  «Հարավկովկասյան երկաթուղու»: Այսինքն՝ միջպետական համաձայնագրերում լյուստրացիաները չե՞ն կարող բերել հարաբերությունների վատթարացման և գաղտնալսումներն էլ արդյո՞ք դրա վկայությունը չեն:

- Գաղտնալսումն ուրիշ բան է, դա քաղաքական պայքար է տարբեր քաղաքական ուժերի միջև և վերջիններս մեկը մյուսին վարկաբեկելու համար ամեն ինչ էլ օգտագործում են: Դա բոլոր պետություններում էլ կա, դա հայկական երևույթ չէ: Հիշենք՝ ԱՄՆ-ի նման երկրում նախագահ Նիքսոնը հրաժարական տվեց, որովհետև գաղտնալսող սարքով նրա քաղաքական հակառակորդները «Ուոլթերգեյթ» հյուրանոցում լսել էին և հրապարակումից հետո ԱՄՆ նախագահը ստիպված էր հրաժարական տալ: Սա գաղտնալսման միջոցով համաշխարհային պատմության մեջ ամենացնցող երևույթն է, որը բերեց աշխարհի ամենահզոր պետության նախագահի հրաժարականին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել