Yerkir.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճոմյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ներդրումային և տնտեսական քաղաքականությանն առնչվող հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Աճեմյանը նշեց, որ մի շատ մտահոգիչ փաստ կա՝ միջազգային վերլուծաբանները հրապարակել են, որ երկրորդ եռամսյակում ՀՀ-ում ներդրումների ծավալը նվազել է 43 տոկոսով:

«Ես հասկանում եմ, որ ֆրանսերենի դասերի, հանրահավաքների և կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել, բայց ես պետք է տեղեկացնեմ միջազգային վերլուծաբանների այդ հրապարակման մասին: Բացի այդ՝ օրեր առաջ ՌԴ-ում հանդիպել եք գործարարների հետ և մամուլում հրապարակումներ եղան, որ մի շարք գործարարներ իրենց ակտիվները հանում են բանկերից: Դուք այնպիսի հայտարարություններ եք անում, որը վտանգում է ներդրումային դաշտը, իսկ տնտեսությունն առնաց ներդրումների չի կարող շնչել: Արդյո՞ք ձեր այդ հայտարարություններով, սպառնալիքներով չեք վտանգում մեր տնտեսությունը»,-հետաքրքրվեց Աճեմյանը:

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ բոլոր միջազգային կառույցները բոլոր ժամանակներում արձանագրել են, որ ներդրումային միջավայրի համար կա երեք հիմնական խոչընդոտ ցանկացած երկրում՝ կոռուպցիան, մենաշնորհները-օլիգարխիան, կոռումպացված դատական համակարգը: «Կարծում եմ, որ ներդրումային միջավայրը բարելավվելու նպատակով ենք լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ և կարող ենք ասել, որ, ըստ էության, կոռուպցիան ջախջախված է ՀՀ-ում, մենաշնորհներ չկան, անկախ դատական համակարգի ձևավորումն ընթացքի մեջ է: Հունիսին մենք ունեցել ենք 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, հուլիսին՝ 11.1, և սա լուրջ ցուցանիշներ են: Բանկային համակարգում ավանդներն ավելին են, քան երբևէ, և վերջին ամիսներին մեր բանկային ակտիվներն աճել են շուրջ 100 մլն դոլարով»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով ՝ Աճեմյանի նշած երկրորդ եռամսյակի ամիսներին՝ մայիսից հունիս, մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցությունից, որոշել էին Հայաստանի բանկերից հանել իրենց գումարները, դրա համար էլ ստացվել է այդ ցուցանիշները.«Ես հավաստիացնում եմ, որ բոլոր այդ փողերը կգտնվեն ու հետ կբերվեն ՀՀ: Մեր հարաբերվելու հիմնական մեթոդը նաև քննադատությունները լսելն է, այնպես որ՝ ձեր ասածն ի գիտություն կընդունենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել