Ճանապարհորդը Ալպերի մոտակայքից՝ իտալական Գարդա լճի մոտ, պարաշյուտի անսարքության պատճառով 300 մ բարձրության ժայռից ընկել է ու ողջ մնացել: Վերջինս ընդամենը մի քանի վնասվածք է ստացել:
25-ամյա արշավորդ Մեթյու Գոուի պարաշյուտը նորմալ չի աշխատել, ինչի հետևանքով նա մի քանի հարյուր մետր թռել է ու ընկել ժայռին՝ հաղորդում է South West News Service-ը:
Պարաշյուտի անսարքությունը տղամարդու թռիչքը վերածել է սարսափի:
«Ես պատրաստվել էի ցատկին: Եղանակային պայմանները հիանալի էին, սակայն բախտս պարզապես չբերեց: Պարաշյուտը, չգիտես ինչու, դանդաղ էր բացվում, ու արդյունքում այն շրջվեց հակառակ ուղղությամբ, ապա քամու ազդեցության տակ ընդհանրապես շրջվեց»,- հիշում է Մեթյուն:
Գետնից պարաշյուտիստին բաժանել է ընդամեը 300 մետր, տղամարդը թռչում էր 65 կմ/ժ արագությամբ:
Տեսանյութից, որն ամրացված է եղել Գոուի սաղավարտին, տեսանելի է, թե ինչպես է նա սլանում ժայռերի ուղղությամբ՝ փորձելով ոտքերով դիպչել դրանց ու նվազեցնել արագությունը:
Տեսանյութում նաև երևում է, թե ինչպես է տուժածի ընկերը վազում նրան օգնության, ու որոշ ժամանակ անց նրան պատգարակով տեղափոխում են:
Ի զարմանս բժիշկների՝ տղամարդու մոտ անգամ կոտրվածք չի հայտնաբերվել: Նա թեթև վնասվածք է ստացել ու նույն օրը դուրս գրվել հիվանդանոցից:



