Աշոտ II Երկաթի գերեզմանը պահպանվել է մինչև 1920 թվականը. այսօր դրանից անգամ մի քար չի մնացել: Հաշվի առնելով այս գերեզմանի խորհրդանշական ու պատմական նշանակությունը, ինչպես նաև նրա ամբողջական ոչնչացումը՝ այն, ամենայն հավանականությամբ, ոչնչացվել է քաղաքական նպատակներով՝ թուրք իշխանությունների կողմից:
Աշոտ Երկաթը Հայաստանի Բագրատունի արքաներից ամենահզորն էր, հայկական ու վրացական շահնշահը: Թագավորել է 914-928 թվականներին:
Աշոտ II Երկաթը Սմբատ I-ի որդին էր: Ինչպես և իր երկու նախորդները, նա ևս բարձր իշխանություն ուներ Անդրկովկասի մյուս կառավարիչների վրա: 914 թվականից ի վեր հոր հետ մասնակցել է Ատրպատականի շահ Յուսուֆի ու նրա հետ միավորված Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու դեմ ազատագրական պայքարին: 910 թվականին Ձկնավաճառի մարտում գլխավորել է հայոց բանակը, որում վերջինս պարտություն կրեց: Պարտության պատճառը, ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, դավաճանությունն էր:

Այն բանից հետո, երբ 914-ին գերության մեջ գտնվող Սմբատ I-ը մահապատժի ենթարկվեց, Աշոտը գահ բարձրացավ: Իր եղբոր՝ Աբաս Բագրատունու հետ նա գլխավորում էր Յուսուֆի դեմ պատերազմը: Այն ժամանակ արաբները զբաղեցնում էին Հայաստանի տարածքի մեծ մասն ու ավիրում էին երկիրը:
Պատերազմներում ու ճակատամարտերում խիզախություն ցուցաբերելու համար Աշոտը ստացավ «Երկաթ» մականունը: 915 թվականից ի վեր, բազմազան հաջողություններ ունենալով, Աշոտը արաբներից ազատագրեց Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևի հովիտը:
Բացի արտաքին վտանգներից՝ հարկ կար նաև պայքարելու երկրի ներսում գտնվող կենտրոնախույս ուժերի դեմ: 921 թվականին Աշոտ Երկաթի զորքերը հաղթանակ տարան Սևանի ճակատամարտում, որից հետո արաբները վերջնականապես դուրս վռնդվեցին երկրից: Այս դեպքով էլ Հայաստանի անկախությունն ամբողջապես վերականգնվեց, իսկ Աշոտը ստացավ «շահնշահ»՝ «արքայից արքա» տիտղոսը:



