Հասարակության ուշադրությունը միշտ սևեռված է եղել բանակի վրա, ինչն ունի ինչպես իր դրական, այնպես էլ իր բացասական պահերը, բայց ես ոչ այնքան բանակի մասին եմ ուզում խոսել, ինչքան բանակին դե յուրե կից, բայց դե ֆակտո բանակից լրիվ անկախ մի կառույցի՝ Ռազմական ոստիկանության մասին:
Նախ, անհրաժեշտ է հասկանալ, թե ի՞նչ բարոյահոգեբանական մթնոլորտի պայմաններում հիմնադրվեց այս կառույցը․ պատերազմը մի քանի տարի առաջ էր ավարտվել, իսկ զորամասերը ինչ-որ խեղաթյուրված գողական միջավայր էին հիշեցնում՝ չաստ նայողներով, ամսական 300 դոլարով չաստ չգնալով ծառայողներով, տարեկան մի քանի տասնյակի հասնող ինքնասպանությունների ցուցանիշով, հիմնահատակ կոռումպացված ու կիսավերահսկվող կառույց: Առանձին սահմանապահ զորամասեր դիզբատներ էին հիշեցնում, որտեղ տարվում էին միայն անապահով ընտանիքների կամ քրեական անցյալ ունեցող ընտանիքների երեխաներ: Խիստ բարձր էր նաև զինվորների ոչ կանոնադրական հարաբերությունների (այն ժամանակ կանոնադրությունը մեծ հաշվով չկար էլ) արդյունքում սպանվող ու խոշտանգվող զինվորների ցուցանիշը:
Եվ ահա այսպիսի խայտառակ իրավիճակում ստեղծվեց Ռազմական ոստիկանությունը, որն ի սկզբանե գործում էր «Կլին կլինըմ վիշիբայուտ» տարբերակով: Բնականաբար, խոսք չկար ինչ-որ օրինական եղանակներով անցկացվող հետաքննությունների, անմեղության կանխավարկածի ու այլ իրավական հասկացողությունների մասին: Ավելին, ՌՈ ամենաէֆեկտիվ օպերները որպես կանոն իրենք նախկինում «չաստ նայող», «յախշի», «խառոշի»-ներ եղած զինվորներ էին, ովքեր իդեալական պատկերացում ունեին բոլոր «ծակուծուկերի» մասին:
Մի քանի տարի շարունակ տևած «չաստ նայող»-ՌՈ հակադիր բևեռների բախումից հետո առաջինը դադարեց որպես էդպիսին գոյություն ունենալուց, ինչպես նաև էականորեն նվազեց ու դեպի վերին էշելոններ գնաց զուտ բանակային կոռուպցիան: Էականորեն նվազեց նաև ոչ մարտական կորուստների թիվը: Թվում է, թե նպատակը արդարացնում է միջոցները, բայց հիմա մենք ունենք հետևյալ իրողությունը․ մի «կլինը» ուրիշ «կլինով» ոչնչացրին/տրանսֆորմացրին/մեղմեցին, դա անքննելի փաստ է․․․ բայյց մյուս կլինը մնաց՝ իրեն հատուկ ու սովորական դարձած մեթոդներով ու մեխանիզմներով: 
Ընդ որում, պետք չէ մտածել, որ նույն ՌՈ-ում սենց խստաշունչ նեմեզիդաներ էին, ովքեր թեև դաժան էին հանցագործների նկատմամբ, բայց իրենք երբեք խախտումների չէին գնում: Դե ֆակտո, մենք ունենք մի իրավիճակ, երբ այս կառույցը տոտալ ավտոնոմ ռեժիմում է աշխատում ու ինչպես արդեն նշեցի, մեծ հաշվով չի փոխել իր գործելաոճը ու կադրային քաղաքականությունը: Միևնույն ժամանակ, դժվար թե որևէ մեկը հիշի, որ ամեն տարի դատվող տասնյակ զինվորների ու սպաների կողքին հնչի գոնե մեկ ՌՈ աշխատակցի անուն, ասես դա բյուրեղյա մաքրություն ունեցող կառույց է:
Ի՞նչ խոսք, ՌՈ-ն անհրաժեշտ կառույց է, որը իր դրական դերակատարությունն է ունեցել ու շարունակում է ունենալ բանակում առկա նեգատիվ երևույթների պոֆիլակտիկայի ու շտկման վրա, բայց իմ այս առակը կցուցանե, որ արդեն ժամանակն է, որ լրջագույն ռեֆորմներ արվեն նաև Ռազմական ոստիկանությունում, որովհետև միայն վախի մթնոլորտով չի կարելի լուծել խնդիրը, այլ կարելի է միայն կոծկել: Պետք է այնպիսի ռեֆորմներ անցկացվեն, որ բանակի օրինակով ՌՈ-ի սպայի կերպարն էլ վախենալու ու ատելի լինելուց անցում կատարի պատկառանք առաջացնող վերադասի կերպարի:

Հ․Գ․ ՌՈ-ին բավականին մեղմ եմ նկարագրել ու հնարավորինս օբյեկտիվ, որովհետև ես ոչ թե ուզում եմ վարկաբեկել այդ կառույցը, այլ ուզում եմ, որպեսզի այնտեղ դրական փոփոխություններ լինեն, թեև ներքին խոհանոցային մանրամասներ ինչքան ասես կարող եմ պատմել նաև որպես մարդ, ով «բախտ է» ունեցել Ստեփանակերտի ՌՈ մեկուսարանում ահագին երկար ժամանակ անցկացնել՝ ծառայությանս ժամանակ թույլ տված մանր խախտումների համար:ՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել