Ես որ ասում եմ՝ վատ իշխանություններն այսօր արդեն ոչ թե պատճառ են, այլ հետևանք՝ արատավոր համակարգի, ինձ ասում են՝ բա թե չէ, իրանք բռնազավթիչ են, կեղծարար են, քըխ են, էս են, էն են․․․ Մինչդեռ ժողովուրդը տառապյալ, սենց սովալլուկ ու անիրավ մասսա ա, ում միայն շահագործում են, թեև նա անում է ամենը, որպեսզի վերականգնվի արդարությունը..․
Դե որ տենց ա, մի հատ նայեք Լոս Անջելեսում կայացող ընտրություններում հայերը ի՜նչ փառահեղ «ընտրական տեխնոլոգիաներ են» իրականացնում, արդեն քանի օր է, ինչ սկանդալը շարունակվում է, որովհետև հայաստանյան ընտրական լավագույն ավանդույթները վերցնելով և ինտեգրելով ամերիկյան ավելի պարզունակ ու քիչ վերահսկվող ընտրական օրենսգրքին՝ այնտեղ դասական հայկական ընտրություններ են անցկացվել․․․ Ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ, լցոնումներ, ահաբեկումներ․․․
Մեջբերում եմ New.am-ի այսօրվա հոդվածից մի երկու հատված․
«Լոս Անջելեսի Փոքրիկ Հայաստան շրջանում ընտրակեղծիքների մասին լուրեր են շրջանառվում այն ժամանակ, երբ քաղաքային խորհրդի թեկնածուներ Ջոն Չոյն ու Միտչ Օ` Ֆարելը դիմում են ներկայացրել շրջանային դատախազություն` միմյանց մեղադրելով ձայներ գողանալու մեջ․․․․
․․․ Կբուշյանը հիմա պաշտպանում է Օ`Ֆարելին, իսկ վերջինիս մրցակից Ջոն Չոյը պնդում է, որ Կբուշյանի թիմի ներկայացուցիչները լրացրել են տարեց հայերի քվեաթերթիկներն ու հավաքել դրանք: Չոյի արշավի պատասխանատուները հայտարարում են, որ ունեն 400 ընտրողի անուն, ովքեր ասում են, որ իրենց ձայները կեղծել են»:
Դե հիմա ինձ ասեք՝ եթե մեր վատ իշխանությունները պատճառ են, ապա ինչո՞ւ են մեղրի ու կաթի գետերի երկիր ԱՄՆ-ում կիրառվում նույն այն մեխանիզմները, ինչ Հայաստանում: Չէ՞ որ այնտեղ ոչ Լիցկա կա, ոչ Լֆիկ, ոչ Մուկուչյան, ոչ ՀՀԿ․․․ Մենակ մեր արտագաղթած հայրենակիցներն են, մեկ էլ մի քանի հատ ամերիկացի:ՃՃՃ
Պատճառն այս ամենի ի սկզբանե սխալ հիմքերի վրա կառուցված պետական համակարգն է ու շիլափլավ արժեհամակարգը, և քանի դեռ համակարգն ու արժեհամակարգը հիմնովին չփոխվեն, ապա իմացեք՝ Մայր Թերեզայի պես մարդու էլ դնեն իշխանության, մեր վիճակը կոճակ է լինելու, մարդիկ էլ ոնց կեղծում էին ու կաշառվում էին, այնպես էլ կեղծելու ու կաշառվելու են:



