Կլասիկ միջնադարի մարդկության պատմության ամենահետաքրքիր փուլերից մեկը Խաչակրաց արշավանքներն էին: Արշավանքներ, որոնք կատարվում էին կրոնական համոզմունքներից ելնելով, բայց ունեին բացառապես քաղաքական նպատակներ: Հռոմի պապ Ուրբանոս 2-րդը հայտնի Կլերմոնի ժողովից հետո՝ 1095թ., կոչ է անում պատրաստվել Խաչակրաց արշավանքի՝ ոչ ավել, ոչ պակաս, մասնակիցներին մեղքերի թողություն խոստանալով: Խաչակրաց արշավանքները հիմնականում տեղի են ունեցել 11-13-րդ դարերում: Մոտ ինը խաչակրաց արշավանք է եղել այդ ժամանակաընթացքում: Այս ընթացքում իրար են բախվել այնպիսի տաղանդավոր ռազմական գործիչներ, ինչպիսիք էին Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը և Սալահ Ահ-Դինը: Խաչակիրները, որոնք իբրև թե «Մեղքերի թողություն» ստանալու և «Տիրոջ գերեզմանը ազատագրելու» համար հասել էին մինչև Մերձավոր Արևելք, իրականում շատ դեպքերում հասարակ ավազակներ էին, որոնց խորթ չէր թալանելը և կոտորելը: Այսպես՝ 1099թ. ամռանը նրանք գրավեցին Երուսաղեմը և պարզապես կոտորեցին տեղական մուսուլմանական բնակչությանը: 1204թ. ապրիլին արդեն 4-րդ Խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավեցին և պարզապես ավերեցին Կոստանդնուպոլիսը: Խաչակիրների կողմից կողոպտվում էին եկեղեցիները և կայսերական դամբարանները: Սրի էին քաշվում քաղաքի բոլոր այն բնակիչները, որոնց տունը զբաղեցնում էին խաչակիրները: Պատմաբան Վիլարդուենը գրում էր, որ Խաչակիրները ստացել են այնպիսի թալան, որը ոչ ոք չի ստացել աշխարհի ստեղծումից սկսած: Այս թալանն այնքան մեծ էր, որ չէր կարելի հաշվել: «Այն պարունակում էր ոսկե, արծաթե, թանկարժեք քարեր, ոսկու եւ արծաթե անոթներ, մետաքսե գործվածքներ, մորթեղեն և այս աշխարհում գեղեցիկ բոլոր բաները»: Եռօրյա թալանի և կոտորածի ընթացքում մի քանի հազար մարդ սպանվեց, իսկ քաղաքի բնակչության մի մասն էլ ուղղակի ստիպված էր հեռանալ:
Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ Կոստանդնուպոլսի պաշարման ժամանակ` գրոհի նախօրեին, խաչակիրների ռազմական ճամբարներում գտնվում էին հոգևորականներ, որոնք, այսպես կոչված, «մեղքերի թողություն» էին իրականացնում՝ զորքի շրջանում նշելով, որ քաղաքի գրավումը «ճիշտ» և «աստվածահաճո» գործ է: