Հիմա գարուն է: Կարծես ամենահրճվելու եղանակը:
Անձրև, խոնավություն…
Բայց շուտով կլինի նաև արև, ջերմություն, և վստահ եմ, որ ոչ միայն պատուհանից դուրս, այլ նաև իմ հոգում:
Կյանքն է այդպիսին` լեցուն անկանխատեսությամբ և հակված անակնկալների:
Ես մի հիմար հույս եմ փայփայում, որ գոնե այս անգամ գարունը նորից կլինի իմն ու քոնը:
Ձմեռային պահածոյացված գիշերները մենք սառը ձեռքերով մեր հիշողությունը ձնագնդի նման կուտակում ենք ու ձևափոխում փորձի՝ հասկանալով մեր սխալներն ու քաղելով դասեր:
Մեր հիշողությունը չվող թռչունների նման վերադառնում է՝ իր հետ բերելով մեր զգացմունքներից մնացած ծվեն-ծվեն եղած պատառիկներ…
Ճակատագրի անկանխատեսելիությունը միշտ հետաքրքիր է և չի սիրում ,երբ փորձում են բացել փակագծերն ու կարդալ…
Երբ հակառակվում ես նրան, նա վեր է ածվում հատապտուղների ու մրգերի միաժամանակ խառնուրդից պատրաստված մի հեղուկի, որը տհաճ է ըմպել, ու դա վառ ապացույցն է խոհարարի սխալի…
Իսկ ո՞վ չի սխալվում:
Ես հավատում եմ վաղվա օրվան՝ ընդունելով այսօրը և հիշելով երեկը…
Մի քանի տասնամյակ հետո մենք նստած կլինենք մի բուխարու առաջ, գլուխ գլխի հենած, կթերթենք մեր հին նկարներն ու կհիշենք մեր անցյալը:
Կնայենք իրար աչքերի մեջ ու մտքում կասենք «Ներիր»՝ հասկանալով, որ յուրաքանչյուրս վաղուց արդեն ներել է…
Սերը սահմաններ ու չափեր չունի…
Սերը սահմաններ ու չափեր չունի…
Երջանկությունը հսկա չի լինում, սերը մեծ չի լինում և չի լինում այնպես, որ բախտը շատ բերի…
Լինում է միկրոերջանկություն, որը պետք է նկատել:
Լինում է շատ փոքր մի ակնթարթ, որը բաց թողնելը առնվազն հիմարություն է…
Լինում է փոքրիկ ու նուրբ սեր, որը պետք է վերցնել ձեռքերով, ջերմացնել շնչով ու ոչ մի բանից չվախենալ….

* * *
Երբեք այսքան տխուր չի եղել, ինչպես այսօր:
Ինչ-որ տեղ տաք է...
Թույլ տաք քամի, օրորվող արմավենիներ, կապույտ երկնքում ամպերով ծածկված գունավոր աստղեր...
Ինչ-որ տեղ՝ կապուտակ ծովի ափին, քամին բարձրացնում են ավազե թեթև հատիկներն ու տանում, տանում, հարվածում բարդիների կատարներին...
Այստեղ գարուն է, բայց անձրևոտ, համարյա ցուրտ է ու դատարկ փողոցներ...
Հատուկենտ թույլ վառվող փողոցային լապտերներ...
Կարելի է քայլել այս դատարկությունով, շնչել այս կամակոր քամուն, նայել անհրապույր լապտերներին...
Բայց ինչո՞ւ:

* * *
Հայելու միջից ինձ է նայում մի գեղեցիկ դեմք՝ թախծոտ աչքերով:
Ես, անկախ իմ կամքից, շոյեցի ինձ ծանոթ դեմքն, ու իմ անդրադարձը կրկնեց իմ շարժումը:
Ես նայում էի նրա աչքերի մեջ, ու նրանք այնքան լացակումած էին, որ զարմանալու համար չկարողացան ավելի բացվել:
Ես լսեցի իմ քայլերը ինչ-որ դատարկ քաղաքում:
Ոչ ոք մեղավոր չէ, որ հանկարծ կարող ես այնքան հիասթափված լինել կյանքից, որ լքված ու հուսահատ հայտնվես հայելու մեջ կամ ինչ-որ անծանոթ վայրում:
Շուրջս բացի գիշերային հազարավոր, տիեզերական հեռավոր ձայներից ուրիշ ոչինչ չկա:
Գարնանային այս երեկոն էլ կարծես վերջ չունի, և ժամանակը կարող ես վերցնել ձեռքերով:
Չհասկացա, թե ինչպես Նա հայտնվեց սենյակում:
Միգուցե կար, ու ես չէի նկատել:
Միգուցե դա պետք էր աստղերին, դատարկ փողոցներին, իմ փողոցում միայնակ վառվող թեքված լապտերին… 
Ես նրան տեսել էի բազմաթիվ անգամ և միաժամանակ չէի տեսել երբեք:
Ես Նրա համար գրել էի իմ ամենալավ բանաստեղծություններն ու հեքիաթները:
Ես չգիտեի Նրան, բայց հասկացա, որ Նա չգալ չէր կարող:
Նա միշտ եղել է իմ կողքին, իմ մեջ…
- Վա՞տ ես զգում քեզ, - կարծես ինչ-որ տեղ մի զանգակածաղիկ կախեց գլուխը:
- Դու ո՞վ ես, - իմ ձայնը թույլ էր ու անվստահ:
Մի՞թե իրոք Նա է...
- Ես կօգնեմ քեզ, ես միշտ հայտնվում եմ այնտեղ, որտեղ միայնությունն է: Ես միշտ օգնում եմ դժվար պահերին:
- Դու ո՞վ ես:
Ես ցանկանում եմ, որ նա ինքն ասի, թե ով է...
- Չգիտեմ՝ ով եմ, որտեղից: Միգուցե հեռավոր աստղերից, որոնք մթության մեջ կարողանում են ինչ-որ լույս տալ, քիչ, բայց տալ: Ինձ թվում է՝ ես ամեն տեղ եմ:
Դո՞ւ չես բարկանում, որ այստեղ եմ:
Ես հասկացա, որ կյանքում նման բան լինում է մեկ անգամ:
Ժպտացի:
- Գիտեմ, որ դու մի ժամանակ սիրել ես մի աղջկա ու չես կարողանում մոռանալ նրան, դու սիրել ես…Նա հեռացել է քեզնից, բայց դու չես մեղադրել նրան քեզ միայնակ թողնելու համար:
Հիմա դու միայնակ ես, քեզ տխուր է: Ես այստեղ եմ, ու ինձ թվում է, թե ես եմ հենց այն աղջիկը: 
Աշխարհում շատ անբացատրելի բաներ կան, ու քանի ես այստեղ եմ, դու կգրես քո ամենալավ հեքիաթը, չէ՞: 

Ինչ-որ մի տեղ զանգածաղիկը փորձ էր անում գլուխը բարձրացնել:
Վերցրեցի Նրա փոքրիկ ու նուրբ մատները, որոնք ազատ տեղավորվեցին իմ ափում:
- Թող, պետք չէ, - թեթև փորձը ձեռքն ազատելու չհաջողվեց:
Արծաթագույն լուսնի շողերի տակ Նա այնքան մոտ էր ինձ, այնքան հարազատ, որ սիրտս սկսեց բաժանվել մասնիկների, ու բազմաթիվ ցավի ծակոցներ սկսեցին կրծքիս մեջ ինչ-որ խելակորույս մի պար:
- Ամենագլխավորը, որ կարողանաս այլ կերպ նայել քո անցած կյանքին: Դա ամենադժվարն է, որ կարող է մարդն անել… Ուզո՞ւմ ես՝ քեզ ազատեմ քո հիշողությունից, նայիր շուրջդ…

* * *
«Այգու նստարանին երկուսով ենք ես ու քնձռոտ շորերով մի ծերունի:
Ես Նելիին եմ սպասում, որն ինչպես միշտ ուշանում է, իսկ ծերուկը երևի ոչ մեկի:
Արդեն չորրորդ ծխախոտն եմ վառում, իսկ նա չկա:
- Մի հատ էլ ինձ տուր, տղա ջան, ջհանդամը, մի ջիգյարով ծխեմ, հետո ինչ լինելու է, կլինի...
Մեկնում եմ բացած տուփը:
- Ի՞նչ պետք է լինի, հայրիկ, - իմ կիսաժպիտը մնում է օդում:
- Մահ, էլ ի՞նչ,- զարմացած, թե ինչու չեմ հասկանում, նայում է ինձ:
- Մի հատիկ ծխելով չես մեռնի, դուր չգա՝ գցիր, դա ի՞նչ հարց է որ...
- Ես չէ, նա կարող է մահանալ, նա:
- Ո՞վ, նա ո՞վ է:
- Դե ում որ սպասում ես, մի՞թե պարզ չէ, ուղիղ երկու օր հետո Խանջյան-Վարդանանց խաչմերուկում կապույտ Վոլկսվագենի հարվածից, հասկացար:
Վաթսունչորս համարի երթուղայինով տուն գնալիս, ի՞նչ կա չհասկանալու:
Մի պահ ձեռքերս սկսեցին դողալ:
Ավելի ուշադիր եմ նայում, երևի ցնդած մի ծերուկ է, հիվանդ երևակայությամբ:
Հագուստը կարկատաններով շորեր են, ատամները դեղին՝ աղքատ գյուղացու ցանկապատի նման ցանցառ, աչքերը դեղին են, անկյանք... 
- Դուք սիրում եք իրար…
Ծերունին պատմում էր մեր մասին ու այնպիսի մանրամասներով, որ միայն ես և նա գիտեինք: 
Ամբողջ մարմնովս մեկ դող էր:
- Դու ո՞վ ես, հիմարություններ ես դուրս տալիս, հիմա ես քո ձայնը կկտրեմ:
- Կարևոր չէ, թե ով եմ, բայց միանգամից ասեմ, որ ոչ Աստծո, ոչ էլ Սատանայի հետ կապ չունեմ: Ավելացնեմ, որ կարող ես չսպասել, նա այսօր չի գալու, վատառողջ է ու վաղուց գնացել է տուն, իզուր ես սպասում, արդեն մեկ ժամ անցել է, չէ՞, տեսա՞ր, որ ամեն ինչ գիտեմ:
- Դե ասենք թե ճիշտ ես, ցնդած ծերուկ, բայց ես նրան չեմ թողնի այդ օրը տանից դուրս գա, կմնամ հետը և….
- Չի օգնի, նա ո՞ր հարկում է ապրում, հիշո՞ւմ ես, 9-րդ, միևնույն է դա նրա օրն է ու ժամը, վերջ:
Բայց ես քեզ այս ամենը չէի տեղեկացնի, եթե….
Գիտե՞ս, մարդիկ մահանում են, երբ նրանց այդպես է նախատեսված ու «անսպասելի» կամ «անկանխատեսելի» մահեր չեն լինում, հավատա ծերուկիս, սակայն լինում են նաև որոշ շեղումներ ընդհանուր տիեզերական կանոններից:
Ծերուկի ցնդած լինելու մասին իմ կարծիքը տեղի էր տալիս բանականությանը, քանի որ նա խոսում էր վստահ ու համոզված:
Իր տարիքի համար նա խոսում էր հստակ ու համոզիչ:
- Ես քեզ կտամ մի հնարավորություն, որպեսզի Նելլին մնա կենդանի, ու…դա կախված է քեզնից:
Բռնեցի նրա ձեռքը: Կարծես սառը ու անկենդան մի իր էի բռնել, իսկ իմ ձեռքերն այրվում էին տաքությունից:
- Ի՞նչ պետք է անեմ, ասա, միայն արագ, խնդրում եմ: 
- Դա շատ թանկ արժե, - հրեց իմ ձեռքն ու սկսեց ճկույթի կեղտոտ եղունգով ատամների հետ խաղալ:
- Ի՞նչ ես դուրս տալիս, մի՞թե դա կարելի է չափել ինչ-որ գնով:
- Սպասիր, մի շտապիր, շա՞տ ես սիրում նրան, գեղեցիկն է չէ՞, շուրջդ նայիր, գեղեցիկ է:
Ես չկարողացա պատասխանել, չէի հավատում իմ ներկային:
Իսկ ծերունու համար կարծես ես գոյություն չունեի, խոսում էր ինքն իր հետ:
- Ժամանակն եկավ, մարդ պետք է մեռնի, չպետք է խախտել տիեզերքի բնականոն ընթացքը, հակառակ դեպքում այն պետք է փոխհատուցվի, եթե մարդն իրեն հասանելիք ժամանակում չի մահանում, ապա նրա զգացմունքները մնում են, շնչում է, տեսնում է, լսում է….հասկանո՞ւմ ես:
- Ոչ, ոչ մի բան չհասկացա:
- Լավ, ուշադիր լսիր, Նելլին չի մահանա, եթե դու կամավոր ինձ հանձնես քո կյանքից 10 տարի և տեսողությունդ…
- Անդերսոն, «Ջրահարսը», դու խելք գցել ես, ծերուկ, ինչի՞ս է պետք կյանքն առանց տեսողության, երբ չեմ տեսնի նրան կամ…10 տարի, ցնդել կարելի է, ուրիշ բան ուզիր:
Ծերունին ձեռքը դրեց ծնկիս ու նայեց աչքերիս:
- Դա ցավոտ չի լինի, դու ոչինչ չես զգա, բայց Նա կենդանի կմնա, սա լավ գործարք է: Չէ՞ որ դու սիրում ես նրան, բայց կարող ես նաև հրաժարվել, կամքը քոնն է:
- Եթե չեմ տեսնելու, էլ ինչի՞ս է պետք մնացածը:
- Չմոռանամ ասել, որ դեռ ոչ մի անգամ ինձ չի հանդիպել զոհաբերության պատրաստ մարդ:
Մի պահ փակեցի աչքերս ու չտեսա ինձ շրջապատող գեղեցկությունը:
Ահավոր էր:
- Ոչ, չեմ կարող, հաստատ չեմ կարող:
- Բայց Նելլին էլ չի լինի... սա նրա վերջին շանսն է: Չէ՞ որ սիրում ես նրան:
- Սիրում եմ, բայց դա շատ թանկ գին է, չեմ կարող:
- Դա վերջնակա՞ն պատասխան է:
- Այո, վերջնական: Հաջողություն:
- Դե լավ, հաջողություն, ես շտապում եմ, դեռ էլի հանդիպում ունեմ: Հաճելի էր ծանոթանալը:
Գլուխս ափերիս մեջ պայթում էր: 
Շնչելը դժվար էր:
Ապրելն ավելի դժվար...

Ամբողջ գիշեր նրա հեռախոսը չէր պատասխանում:
Առավոտյան լսեցի նրա ձայնը՝ հանգիստ ու չափավոր, այն աստիճանի, որ սկսեցի մտքումս ծիծաղել իմ երեկվա օրվա վրա:
- Մի քիչ վատառողջ եմ, կհանդիպենք, երբ լավանամ, սիրում եմ...»:

Երկու օր անց կատարվեց այն, ինչ կանխատեսել էր ծերունին:

* * *
Հայելու միջից ինձ է նայում մի դալուկ, բայց գեղեցիկ դեմք, թախծոտ աչքերով:
Ես, անկախ իմ կամքից, շոյում եմ Նրա դեմքն, ու իմ անդրադարձը կրկնում է շարժումը:
Դեմքն ինձ տխուր ժպտում է ու անսպասելի շշնջոցով խոսում.
- Ես սիրում եմ քեզ: Ինչո՞ւ պետք է այսպես ստացվեր: Ներողություն եմ խնդրում, որ չկամ քո իրական կյանքում, բայց դա իմ մեղքը չէ: Կարևորը, որ դու կենդանի ես, կաս, ու ես կարող եմ քո տխուր պահերին այցելել քեզ, սիրում եմ, սիրում…
Ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ ինձ մոտեցավ մի ցանցառ ծերուկ ու ասաց, որ քեզ դժբախտություն է սպասվում ու պետք է հեռանաս կյանքից, որպես ապացույց նա պատմեց մեր մասին այնպիսի բաներ, որ միայն մենք գիտեինք:
Հետո քո կյանքի դիմաց պահանջեց իմ կյանքը:
Սիրելիս, մի՞թե ես կարող էի հրաժարվել, մի՞թե եթե քեզ հետ պատահեր, դու կհրաժարվեիր:
Իսկ հիմա ես պետք է գնամ, ժամանակն է:
- Խնդրում եմ, մնա, ինձ հիմա շատ ես պետք…
Արագ շարժումով նա փաթաթվեց ինձ ու համբուրեց:
Ինչ-որ տեղից հայտնվեց քամին ու սկսեց խաղալ նրա ուսերին թափված մազերի հետ:
Նրա բարակիրան մեջքը դողում էր տերևի նման:
Փորձեցի գրկել նրան, բայց նա կարծես ձուլվեց օդում ու անհայտացավ:
Ես հասցրեցի տեսնել նրա աչքերը, որոնք նայում էին ուղիղ իմ հոգու մեջ:
Զգացի, որ ինչ-որ բան են շշնջում նրա շրթունքները:
Չհասկացա՝ ինչ, բայց շատ նման էին այն խոսքերին, որ նա ասել էր հանդիպման սկզբում.
«Աշխարհում շատ անբացատրելի բաներ կան, ու քանի ես այստեղ եմ, դու կգրես քո ամենալավ հեքիաթը, չէ՞»:

Ամեն ինչ անհայտացավ:
Մնացի նորից միայնակ՝ հիմարի նման նայելով հայելուն:
Ես ոչինչ չգիտեմ, բայց հաստատ կգրեմ իմ միակ ու լավ հեքիաթը նրա մասին:
Բայց ես ոչինչ չգիտեմ նրա մասին, չեմ հիշում:
Հիշում եմ, որ շատ գեղեցիկ էր:
Բայց մի՞թե մարդը կարող է գեղեցիկ չլինել, երբ սիրում են նրան:
Սիրո՞ւմ…

Ես հաճախ կլինեմ իմ հայելու մոտ:
Կփորձեմ նորից հանդիպել քեզ:
Կփորձեմ բացատրել, թե ով է աշխարհում գեղեցիկ…
Եթե չստացվի, ուրեմն դու կարդացած կլինես իմ ամենալավ հեքիաթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել