Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն իր ազերբեյջանցի գործընկեր Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում երեք սենսացիոն հայտարարություն արեց: Առաջինն այն է, որ Ռուսաստանի համար Արցախում առկա status quo-ն «անընդունելի է», հատկապես «ազերբայջանական տարածքների վերադարձման հարցի չլուծված լինելու պատճառով»: Սենսացիոն է այստեղ ոչ այնքան Ռուսաստանի դիրքորոշումը Արցախյան հարցում` այն նոր չէ, այլ այն, որ Լավրովը վերահաստատեց Հայաստանի համար անընդունելի այս տեսակետը, մինչդեռ Արցախի ներկայիս սահմանները ընդունում են «ռազմավարական դաշնակից» բոլորովին էլ չհանդիսացող Ավստրալիայի խոշորագույն նահանգի իշխանությունները կամ, ասենք, աշխարհահռչակ սոպրանո Մոնսեռատ Կաբալյեն: Սակայն էլ ավելի հետաքրքրական է ՌԴ ԱԳՆ պետի երկու այլ պաշտոնական անկեղծությունները: Նույն հանդիպման ընթացքում Լավրովը շատ յուրահատուկ ձեւով անդրադարձավ Ազերբեյջանից Ռուսաստանի վերջնական նահանջի խորհրդանիշը հանդիսացող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի փակմանը: Ռուս դիվանագետի մեկնաբանությունը կարճ էր ու ցնցող. «Մենք ընդամենը գնի մասին չհամաձայնվեցինք, - ասաց նա ու ավելացրեց, - մնացածը սպեկուլյացիաներ են, որով մենք չենք պատրաստվում զբաղվել...»:
Ուրեմն այսպես` հայկական ազատագրված տարածքները մնում են Մոսկվայի ու Բաքվի սակարկությունների առարկա, կրկրն կոչվելով «ազերբեյջանական զավթված ու վերադարձի ենթակա տարածքներ», իսկ այ ռուսական ռազմաբազայի գնի մասին անհամաձայնության պատճառով «սպեկուլյացիաներ» ու սակարկությունը անհնար են: Այս երկաթբետոնյա տրամաբանությունը էլ ավելի է ամրապնդվում, երբ անցնում ենք ռուս-ազերբեյջանական բարձրաստիճան քննարկումների երրորդ կետին: Որքան էլ անհավանական թվա` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկու անդամները (Ազերբեյջանը ժամանակավորապես նույնպես անդամ է) արտգործնախարարների մակարդակով քննարկեց Կրեմլում... Ռուսաստանը «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնող երգչուհուն Ազերբեյջանից զրո քվե ուղարկելու հույժ կարեւոր հարցը: Մինչդեռ Ռուսաստանը ազերբեյջանցի երգչին ուղարկել էր բարձրագույն գնահատականն ու քվեն: Սա նույնպես դարձավ միջպետական բարձրաստիճան քննարկման ու անգամ պաշտոնական դժգոհության առարկա: Երեւի` նույնպես գնի վերաբերյալ սակարկությունը չհաջողվեց, բայց «սպեկուլյացիաները» ու շահարկումները համարվեցին անտեղի: Այս տարօրինակ ծաղկեփունջը կատարյալ ձեւով արտացոլում է Ռուսաստանի, Ազերբեյջանի ու Հայաստանի առկա հարաբերությունների իրական մակարդակը, ոճը եւ հեռանկարները: Ընդհանրապես, նման համեմատությունները խիստ «սպեկուլյատիվ» են, օգտվելով ռուս դիվանագետի բառապաշարից, ու ես ինքս չէի հավատա, որ գռեհիկ ժամանցային հեռուստահաղորդումը, փակված ռազմակայանը եւ ազատագրական պատերազմի արդյունքները հնարավոր կլինի սակարկել ու քննարկել միեւնույն ժամանակ, մի տեղում, հատկապես եթե այդ տեղը Մոսկվայի ազերբեյջանական որեւե ռեստորան չէ... Բայց ես սխալվեցի: ՌԴ ԱԳՆ պետ Լավրովը վարվեց հենց այս կերպ: Երեւի թե պետք է շնորհակալ լինենք ծագումով կիսահայ այս հմուտ դիվանագետին` նա հօդս է ցնդեցնում որոշ հայերի որոշ պատրանքները:
Ես չեմ դիտում «Եվրատեսիլ» կամ «Տաշիր» ոճի գաղութացման, անճաշակության ու ստրկամտության ցուցքերը: Կարդացել եմ, սակայն, որ Հայաստանի ներկայացուցիչը Ռուսաստանից ստացել է այս տարի միայն երկու միավոր: Եւ դա սակարկելի չէ:



