«Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հատկանշական է փաստը, որ ՀՀ վարչապետի` ՌԴ այցը հաջորդում է մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպմանը:

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 1-ին Պուտինն ու Ալիևը Մոսկվայում հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել նաև ԼՂ հակամարտության հետ կապված: Ենթադրվում է` այս թեմային անդրադարձ կլինի նաև Պուտին-Փաշինյան հանդիպմանը: Ասել է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման կամաց-կամաց վերադառնում է օրակարգ:

Ու թեև դեռ Փաշինյան-Ալիև հանդիպում չի նշմարվում, բայց և ակնհայտ է, որ ՌԴ-ն այս հարցում ձեռքերը ծալած չի նստելու` փորձելով, այնուամենայնիվ, գործընթացն առաջ մղել: Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի հիմնական խնդիրներից մեկն էլ, ենթադրվում է, լինելու են հայաստանյան ներքաղաքական զարգացումները, մասնավորապես մարտի 1-ի քրեական գործը, դրա շրջանակներում մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը:
Ու թեև նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր` այդ ամենը Հայաստանի ներքին գործն է, իսկ իրենք ցանկանում են, որ «այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա», այնուամենայնիվ, ակնհայտ է` ռուսական կողմն այնքան էլ գոհ չէ ՀՀ-ում կատարվող իրավիճակից: Եւ այս առումով Փաշինյանի և Պուտինի հանդիպումը հեշտ չի լինելու»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել