Էս ի՜նչ պատիժ ա խորհրդարան գնալը. քսանչորս տարի է կքալեմ խորհրդարանին բեմին վրա... Իննսունիննին գնացել էի Կարեն Դեմիրճյանին շնորհավորելու` ԱԺ նախագահ ընտրվելու առիթով. մի շատ լավ սովորույթ ուներ ինքը, վեր էր կենում տեղից, ողջունում ու սիրում էր միշտ սենյակի ծայրում, դեմ դիմաց նստել, ասի` տասը տարի է էս խորհրդարանի պարկետների վրա «կքալեմ», ո՜նց եմ հոգնել էս խորհրդարանից, ինքն իր նման ձմեռնուկ ժպտաց, ու թե` է՜, ես ըստեղի առաջին հարկի պարկետից եմ սկսել, հասել եմ երրորդ հարկ հատ-հատ... Նկատի ուներ իր պաշտոնական «մոնենտները»` կոմկուսի օրերին էլի: ԱԺ-ն նախկինում իր ռեզիդենցիան էր:
Մեր մեջ ասած` ոչ կոմկուսն էր մի բան, ոչ էլ էդ խորհրդարանն է մի բան. բացասականը շատ է, էնտեղից գալուց հետո պետք է «պոպիտ կոոո՜ֆե, պրինամատ վաա՜աննու»... Ի՜հ, բախտի տերը թաղեմ, ով ինձ «տայր զվարգելն եղաց, զվազելն եղջերվաց»... Նյուու՜թ տի գրեմ:
Բայց իսկականից սարսափում եմ էդ խորհրդարանից:
Զի վասնզի, այնտեղ եղել է Կոզեռնի գերեզմանոցը, մինչեւ հիմա էդ գերեզմանոցի շունչն զգացվում է... Երբ նայում ես` էն կողմից` մեռելաքայլով, ասես պղտոր ջրերի վրա առաջանում է Մհեր Սեդրակյանը` հատո՜ւկ «հեղինակային» մաներայով... Ես իրեն, իհարկե, ողջույնի փոխարեն ասում եմ` ծնոտս պինդ եմ բռնել... Էն մի կողմից, ափալ-թափալ, մի յուրահատուկ արագությամբ հայտնվում-անհետանում, «մայիտ» է անում Լիմինդրովիչը, ամեն իրեն տեսնելիս հոգատար բացականչում եմ... հը՞, հասցրի՞ր գտնել ձեր սենյակը, թե՞ հլը անտուն թափառում են էս անտեր ԱԺ-ում...
Հետ քաշվեք, հետ քաշվեք՝ ԲՀԿ-ն է անցնում. ընդդիմադիրա-այլաընտրանքա-ռաբիզա-չհաղթահարվածա ժպիտ-սմայլիկներով... իբր` իրենք` իրենք չեն, պա քո տիրոջ, էս մի «թեւը» ինձ հետ «չունի», վախենում են յուրյանց մայրիկ-հայրիկներից, որ բարեւեն, տեսնեն` կմտածեն իրենք են ինձ ինֆորմացիա տալիս ԲՀԿ-ից (վաղը մի հատ ըտենցը «լյավը» կարդացեք` ԲՀԿ ֆրակցիայի նիստի մասին), ինքս եմ բարեհոգաբար, հանդուրժաբար, անընդդիմադիրաբար գոչում.
-Ողջույն ԲՀԿ-ին` մեր թանկագին, մեր անմոռաց այլընտրանքին... Բարեւ, ԲՀԿ, բարեւ Ասծունն է... Մերսի, պարտական եմ` պարտական:
Էս ո՞վ ա, գլոր-գլոր գալիս... Փաա՜հ. ընկեր Արմենն է` մահ կամ ազատություն քայլվածքով քայլում:
Քիչ առաջ ընկեր Վահանը շուլուխչի, համատեղելությամբ պոետ, Գալուստ Գրիգորիչին էր անդրադարձել ամբիոնից՝ սրտահույզ մեջբերումներ անելով ՀՀԿ դասական գաղափարախոսից: Ընկեր Արմենը տաք-տաք հաճույքով մոտենում էր Մեծն Պոետին, ահա` անցավ նրա կողքով, ողջունեց, ու ինչպես Դանթեին եւ կամ Պուշկինին (ընկերը սովորած է ունեցել Պատրիս Լումումբայում` Մոսկվայում... ջոգիք էլի) կողջունեն, թե.
-Ցիտում ենք ձեզ, ցիտում Գա՜լուստ Գրիգորիչ:
Գրիգորիչը գո՜հ, երջանի՜կ, հեռուն նայող աչքերի խորքով հասկացնոմ էր` թույլ է տալիս իրեն ցիտել:
Հ.Գ. Է՜հ, հրեն էլի լիքը մարդիկ են պտտվում էս Կոզեռնի գերեզմանոցում, նրա միջանցքներում, բայց ես նյութ տի գրեմ:
Երանի նրանց, որ ապրում են արդեն մեռած:



