Ես չեմ ընդունում այս իշխանություններին, չեմ ընդունում դրանց ստեղծած կառավարման համակարգը, չեմ ընդունում ազգաբնակչությանը բարոյական դեգրադացման տանող նրանց վարքագիծը (այն դժվար է քաղաքականություն անվանելը), չեմ ընդունում կեղծ/քվազինժդեհականությունը: Ինձ համար որևէ տարբերություն չկա՝ ՀՀԿ-ական, թե ԲՀԿ-ական են այն գործարարները (կարծես մնացածներին մոռացա, բայց ոչինչ), ովքեր «քցում» են ինձ նման շարքային քաղաքացիներին: Ինձ համար որևէ տարբերություն չկա կուսակցական այն «գործիչների» միջև, որոնք բացահայտ սրիկա են և դեմագոգ, կամ թե նույնն են՝ գառան դմակի տակ: Ինձ համար որևէ տարբերություն չկա, թե ինչ կուսակցության է պատկանում այն սափրագլխի «տերը», որի մեկ հրամանով վերջինիս թուլան առանց աչքը թարթելու ավտոմատի կրակահերթ կբացի իմ կամ ինձ նման մեկ այլ անձի ուղղությամբ: Ինձ համար տարբերություն չկա հանցագործի և դրան իր անտարբերությամբ նպաստող այսպես կոչված քաղաքացու միջև (իրական քաղաքացին դրան չէր նպաստի), ես դեմ եմ այս համակարգին, որում մարդը 21-րդ դարում հասցվել է ճորտացման, դեմ եմ համակարգի պարտադրած «խաղի» կանոններին…



