Թուրքիայում մեկնարկում են «ԹուրԱզ Բազե-2018» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։
Թուրքիայի Կոնիա նահանգի 3-րդ հիմնական ավիաբազայի տարածքում մեկնարկում են թուրքական ու ադրբեջանական օդուժերի համատեղ զորավարժությունները։
«ԹուրԱզ Բազե-2018» անվանումը կրող զորավարժությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 14-ը։ Այս տեսակի զորավարժություններն անցկացվում են 2015-ից սկսած ամեն տարի։
Հայտնի է, որ Ադրբեջանն այս տարվա զորավարժությանը մասնակցում է ՄիԳ-29 տեսակի երկու և Սու-25 տեսակի երեք ռազմական ինքնաթիռներով։
Թուրք-ադրբեջանական զորավարժությունները հստակ մեսիջ են ՀՀ-ին ու Արցախին․ Բաքուն շարունակում է ամրապնդել իր մարտական պատրաստվածության մակարդակը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով` թուրք սպաների խորհրդատվական աջակցությամբ:
Ադրբեջանի համար թուրքական ռազմական դպրոցի փորձն ու գիտելիքները կարևոր են արցախյան դաշտում դրանք կիրառելու համար: Թուրքիա-Ադրբեջան ռազմական տանդեմը շարունակում է ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնել ՀՀ-ին ու Արցախին։ Այս ֆոնին ՀՀ-ն պետք է էլ ավելի խորացնի իր ռազմական, ռազմա-տեխնիկական կապերը ՌԴ-ի հետ`չմոռանալով դիվերսիֆիկացնել դրանք ու փորձել ստեղծել հնարավորինս ինքնաբավ ռազմաարդյունաբերական համալիր:
Ռազմական ինքնաբավության պետք է ձգտի նաև Արցախը` հաշվի առնելով Բաքվի հնարավոր հարվածները ՀՀ-Արցախ սնուցող երակներին` Գորիս-Լաչին և Վարդենիս-Մարտակերտ ճանապարհներին:
Բաքուն ռազմական համագործակցության առումով վարում է բազմավեկտոր քաղաքականություն` զենքեր է գնում ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից` նախկին ԽՍՀՄ երկրներից, ինչպես նաև Իսրայելից՝ որպես աշխարհում ամենահզոր ռազմական արդյունաբերություններից մեկն ունեցող պետությունից:
Սակայն ռազմական փորձառության առումով ադրբեջանական բանակը համագործակցում է Թուրքիայի հետ․ թուրք գեներալներն ու սպաները պատրաստում են ադրբեջանական բանակի տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ հատուկջոկատայիններ, փոխանակում են հետախուզական տվյալներ և այլն:
Ադրբեջանը գնում է տարբեր երկրներից լավագույնը քաղելու ռազմավարությամբ։ ՀՀ-ն ու Արցախը պետք է հստակ հասկանան, որ Բաքուն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների։ Հստակ ժամկետները կախված են թե՛ ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակից, թե՛ աշխարհաքաղաքական զարգացումներից, սակայն ամենակարևորը` ադրբեջանական բանակի պատրաստվածության մակարդակից․ լիովին վստահություն զգալով ռազմական առավելության տեսանկյունից՝ նրանք անցնելու են գրոհի` չսպասելով կանաչ լույսի ԱՄՆ-ից, ՌԴ-ից կամ Թուրքիայից: