Когда ты ешь, давай есть и собакам, даже если они тебя укусят (ЗАРАТУСТРА)
Այսօր առավոտյան պատրաստվում էի փողոցն անցնել և ականատես եղա հետևյալ խոսակցությանը (շքեղ մեքենայի վարորդի և ծայրաստիճան անապահով մի ծեր կնոջ միջև): Որպեսզի ավելի արտահայտիչ լինի, փորձեմ արտաբերել հենց նրանց խոսքերով և այսպես`
Վարորդ- Այ կնիկ, չե՞ս տեսնում, կարմիրի տակով ես անցնում, քո՞ռ ես...
Ծեր անապահով կին- Քոռ չեմ, բալա ջան, չես հավատա, բայց երեկ առավոտվանից բան չեմ կերել, կներես, ուշադրություն չդարձրեցի՝ ոնց եմ կարմիրի տակով անցնում, կներես, բալա ջան:
Ես ուշադիր նայեցի այդ կնոջ արտաքին տեսքին, նա վերին աստիճանի ինտիլիգենտ կնոջ տպավորություն թողեց իմ վրա: Միանգամից աչքի էր ընկնում առաքինի հայուհի լինելը: Նա մուրացկան չէր, ոչ էլ ինչպես ընդունված է ասել «բոմժ», նա ուղղակի ծայրաստիճան աղքատ կին էր: Ինչքան ինքս ինձ ասում եմ, որ երկրում առկա լայնածավալ անապահովության թեմայով այլևս չեմ գրելու, քանզի այդ թեմային վերաբերվող ունեմ տասնյակ հրապարակված հոդվածներ, բայց արի ու տես՝ ոչ մի կերպ չի ստացվում, որովհետև ամեն քայլափոխի հանդիպում ես ծայրաստիճան աղքատ մարդկանց: Պետք է փաստել, որ հանրությունը վերջերս` այն պատմական տեսահոլովակից հետո, ավելի ուշադիր է անապահովության առնչվող թեմաներին, եթե առաջ եզակի լրագրողներ էին անդրադառնում այս երևույթին, հիմա կարելի է ասել այդպես չէ: Դա ուրախացնում է, քանզի այսպիսի կամ այնպիսի հոդվածները միշտ իրենց հետքն են թողնում աղքատության հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Սակայն պետք է փաստել նաև, որ ոչ մի կոնկրետ քայլեր այսօր դեռ չեն արվում, որպեսզի մարդիկ կարողանան իրենց զգալ լիարժեք քաղաքացի: Օր օրի երկրի չքավորները հեռանում են մեզանից, թե´ ֆիզակապես (արտագաղթ), թե´ բարոյապես: Նրանք իրենց օտարված են զգում այս երկրում, նրանք պահանջարկված չեն, և սրա մեջ է կայանում ամբողջ տրագիզմը:
replik.am



