Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին նվիրված «Ակունք» ցուցահանդեսի բացման արարողությունը: Նկարչին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Դժվար է գտնել այնպիսի բառ, որ նկարագրենք Հովհաննես Զարդարյանի ներդրումը հայ արվեստի, մշակույթի և գեղանկարչության մեջ: Եթե ես հիմա մտածեմ` գտնել ճիշտ բառը, չեմ նկարագրի, թե որակական կամ մշակույթի իմաստով ինչ ներդրում է ունեցել, այլ կասեմ, որ այդ ներդրումը հսկայական է: Անձամբ մի քանի անգամ հանդիպել եմ մեծ վարպետին: Նա իսկապես ակադեմիկոս էր, ոչ միայն նրանով, որ Խորհրդային միության գեղարվեստի ակադեմիայի անդամ էր, այլ նաև իր ոճով, հետազոտական արվեստագետի իր տեսակով իսկապես  ժամանակակից արվեստի ակադեմիկոս էր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նկարչի դուստր Անահիտ Զարդարյանի խոսքով` Հովհաննես Զարդարյանի կերպարը ոչ ամբողջական ցուցահանդեսներով բացահայտելն անհնար է:
«Այստեղ ներկայացված են Զարդարյանի իմպրեսիոնիստական շրջանի ստեղծագործությունները: Նա շատ բազմաշերտ և խորը նկարիչ էր, և առանձին նկարների ցուցահանդեսներով նրան ամբողջովին բացահայտել հնարավոր չէ»,- ընդգծեց Անահիտ Զարդարյանը:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն անուրանալի է համարում Հովհաննես Զարդարյանի ավանդը հայ արվեստի մեջ:

«Իմ սերունդը երախտապարտ է նրան, որովհետև նա բարձունք էր, որին ձգտում էինք հասնել: Հասկանում էինք, որ պետք է սիրել արվեստն այնպես, ինչպես սիրել է Հովհաննես Զարդարյանը: 100-ամյա պատմություն ունեցող այս ստեղծագործողը կմնա ևս բազմաթիվ հարյուրամյակներ»,- նշեց ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Սեպտեմբերի 5-ին ամբողջական ցուցահանդեսը կբացվի Հայաստանի ազգային պատկերասրահում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել