Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են ու դա կարևոր ձեռքբերում է: Այդ մասին Բաքվում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Ըստ նրա՝ աճում է երկկողմ ապրանքաշրջանառությունը, որը շուտով հասնելու է մեկ միլիարդ դոլարի:
Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է: Ինչպես հայտնել է Վրաստանի ազգային վիճվարչությունը, նախորդ տարի Ադրբեջանը Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է 550 միլիոն դոլար, ինչը կազմում է ուղիղ ներդրումների 35%-ը: Թուրքիան նույն վիճվարչության տվյալներով 73 միլիոն (5%) ներդրումներ է կատարել: Այսինքն՝ թուրք-ադրբեջանական ընդհանուր ներդրումները վրացական տնտեսության մեջ գոնե նախորդ տարվա տվյալներով կազմել են ուղիղ ներդրումների 40%-ը, ինչը զգալի թիվ է:
Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են․ ադրբեջանական ներդրումները տրանսպորտային՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվում է ադրբեջանական վարկով, էներգետիկ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և այլ նախագծեր, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամրջի նախագծերը հագեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:
Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, որը Բաքվի կողմից այս անգամ դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է: Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններոմ՝ Քվեմո-Քարթլի և այլն, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ․ կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է թե՛ տեղի հայերի դեմ (Քվեմո-Քարթլիում կան նաև հայաբնակ գյուղեր կան), այնպես էլ ՀՀ-ի դեմ (ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին):
Վրաստանի բնակչությունը ծերանում է. վրացիների մոտ ժողովրդագրական ճգնաժամ է, որը շուտով աղետի է վերածվելու: Թուրք-ադրբեջանական տանդեմն այդ ժամանակ օգտագործելու է թե՛ արտագաղթը Ջավախքից՝ այնտեղ թուրք մեսխեթցիներ, մահմեդական աջարացիների, շինարարների անվան տակ ադրբեջանցիներ ու թուրքեր բնակեցնելով (Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությամբ հիմնականում զբաղվում են ադրբեջանցիները, շուտով հէկերի կառուցման ծրագրեր են կյանքի կոչվելու), ինչի հետևանքով ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով՝ Աջարիայից, դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությունից հետո Ջավախքով մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի ձգվելու է թյուրքական-մահմեդական առանցքը, այսինքն՝ ՀՀ-ի հյուսիսային՝ դե-յուրե, հայ-վրացական սահմանը՝ դե-ֆակտո, վերածվելու է հայ-ադրբեջանա-թուրքական սահմանի:
Չմոռանանք, որ ապագայում Տրանսկասպյան լոգիստիկ միջանցքի գործարկման պայմաններում ղազախական, թուրքմենական, չինական ապրանքները Եվրոպա ու Թուրքիա են դուրս գալու Ադրբեջան-Վրաստան տրանսպորտային միջանցքով, իսկ դա լրացուցիչ տարանցիկ եկամուտներ կբերի կողմերին: Թբիլիսին շարունակելու է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ներդրումային մեծ կախվածություն ունենալ Ադրբեջանից: