«Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանը Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունից րոպեներ անց Վերին Գետաշենի գերեզմանոցում բլից-հարցազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ.

«Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը Երեւան-Սեւան մայրուղու ասֆալտի վրա է:

Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի ես:

Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետեւանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:

Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:

Չկա՞ այդպիսի բան, Դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:

Իսկ ո՞վ է պահանջում... Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ ղեկավարը եւ ժողովուրդը:

Այն որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, դա գնահատական չե՞ք համարում:

Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:

Դա ի՞նչ երեւույթ է, երբեւէ եղե՞լ է, որ դիակը բերեն:

Կարո՞ղ եմ իմանալ՝ Դուք ով եք:

«ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան:

 Շնորհակալ եմ. ես պատասխանեցի:

Երբեւէ եղե՞լ է, որ դիակը բերեն կառավարության մոտ, դա ժողովրդի գնահատական չի՞, Ձեր կարծիքով:
Ժողովրդի գնահատական է երեւույթի հանդեպ:

Պարոն Օհանյան, շատ հաճախ ոչ կանոնակարգային հարաբերությունների հետեւանքով բանակում զոհվում են զինվորներ: Բարձրաստիճան պաշտոնյաների ծառայող երեխաներից որեւէ մեկը չի զոհվում, Ձեզ համար դա տարօրինակ չի՞:

Ի՞նչը:

Բանակում նրանց հետ դժբախտ պատահար չի լինում, ինքնասպան չեն փնում: Որեւէ պաշտոնյայի որդու հետ, որը ծառայել է, նման բան չի եղել, ի՞նչն է պատճառը:

Յուրաքանչյուր դեպքի ես չեմ կարող գնահատական տալ: Դեպքը լինում է ըստ տեղի, ըստ իրավիճակի եւ ըստ զարգացման:

Իսկ կարելի՞ է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ:

Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն էլ ծառայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում...

Նրանք ողջ եւ առողջ են, իսկ այս երիտասարդին մենք հենց նոր հողը դրեցինք:

Նրանցից մեկն էլ, իմ ավագ որդին, մեկ տարի առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ծանր վիրավորվել էր, բերեցին հոսպիտալում բուժեցին: Եթե հնարավոր լիներ իրեն էլ բուժելու, մենք, հավատացեք, ամեն ինչ կանեինք:

Այս ընթացքում որեւէ պաշտոնյա պատժվե՞լ է բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունների համար:

Շատ: Շատ:

Բարձրաստիճան, նախարարի տեղակալ շտաբի պետ...

Շատ: Շատ:

Անուն տվեք, մի հոգու անուն:

Գլխավոր շտաբի պետի տեղակալներ են պատժվել, պատժվել են վարչության պետեր, պաշտոնից ազատվել են վարչության պետեր:

Քրեական պատասխանատվության ենթարկվե՞լ է որեւէ մեկը:

Բայց ինչի՞ համար, քրեական պատասխանատվության ենթարկվում են հանցագործները միայն»,- մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել