Այսօր կորցրի կյանքիս թանկարժեք ժամանակից մոտավորապես 3 ժամ, ժամանակս ծախսեցի, որպեսզի թույլ տամ, որ ՀՀ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասանախումբը ծիծաղի ու ծաղրի իր հանդիսատեսին: Այսօր թատրոնում տեղի ունեցավ Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի հերթական ներկայացումը: Խայտառակ ներկայացում, խայտառակ կատարումներ, ես ամաչում եմ, որ իմ երկրում գործում է նման թատրոն, անգամ ամաչում եմ այդ խմբին թատերախումբ ու թատրոն անվանել, դա վատ ինքնագործ խմբից էլ վատ խումբ է, շատ կուզենայի ներկայացման ընթացքում առանձնացնել որոշ կատարումներ, սակայն չեմ կարող, քանզի չկար որևէ առանձնահատուկ կատարում, առանձնահատուկ դերակատարում, անգամ Մոսիի դերակատարը, որի կատարումներով հիանում է ողջ Եվրոպան, որը մի քանի օր առաջ հիանալի կատարումով հանդես է եկել ՌԴ Սանկտ Պետերբուրգի հայտնի Մարինյան թատրոնում և արժանացել հանդիսատեսի ու մասնագետների 30 րոպե տևող օվացիաների, այսօր զարմացրեց հանդիսատեսին իր վատ կատարմամբ: Որպես արտիստ հասկանում եմ նրան. նա չուզեց դուրս մնալ անսամբլից ու ուժերի սահմանում փորձեց վատ հանդես գալ: Մինչև ո՞ւր ենք հասնելու այս տեմպերով, մինչև ո՞ւր են գնալու թատրոնները առանց ղեկավարների ու մասնագետների, ու մինչև երբ պիտի տաղանդավոր մարդիկ զոհ գնան ապաշնորհ կոլեկտիվին... Լացս հազիվ եմ զսպում, չէի ուզենա հիասթափություն ապրել... Ու այսքանից հետո պիտի կո՞չ անեմ՝ ԹԱՏՐՈՆ ԳՆԱՑԵՔ, ՄԱՐԴԻԿ...........

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել