Կարդացի վարչապետի հեղափոխական ծրագիրը... Նորից կարդացի... ամենամեծ խոստումն այնտեղ այն էր, որ «մենք չենք զբաղվել ամբոխահաճո նախաձեռնություններով»: Ամբոխահաճոն, ինչքան հասկացա, ժողովրդահաճոն էր: Իսկապես այդպես է:
Անցած տարիների անիմաստ, անհասկանալի և սուտ գնահատական՝ եղել են գյուղացիների կողքին (վայրի սերմացուով, պետբյուջեից դոտացվող պարարտանյութերը խոշորների մեջ բաշխելու մեխանիզմներով, սնանկացնող տոկոսներ ունեցող վարկերով, գյուղապրանքների շուկայից մանր հողատերերին դուրս մղելով, տեխնիկայի կենտրոնացումով խոշորների ձեռքին...), բարձրացրել են աշխատավարձերն ու թոշակները /՜՜՜՜՜՜/, ոչ մի խոսք՝ գների բարձրացման մասին... Քաջատեղյակ են պրոբլեմներին՝ «Մենք քաջատեղյակ ենք այն հիմնախնդիրներին, որոնք այսօր դեռևս առկա են և մտահոգում են յուրաքանչյուրիս` գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիա, անհավասար մրցակցային պայմաններ»: Կարելի է ասել՝ մասամբ քաջատեղյակ են: Տեղյակ չեն դատարանների անիրավության, քննչական մարմինների անկատարության, անիմաստ բարձր վաշխառուական վարկերի, աշխատանքային գերշահագործման, ձեռներեցության խոչընդոտների, կրթության գնալով ավելացող որակազրկման, վատ կադրերի ու պրոֆեսիոնալիզմի պակասի (ավերը գնում են, դե ինչ անեն, վատերն էլ ծանոթներով, դարձյալ՝ ինչ անեն), բյուջեից տրվող տենդերների փոշիացման, Նաիրիտի, ազգային ավիափոխադրողի անհետացման, արհեստական սնանկացումների, չտրվող աշխատավարձերի, հանքահանությունը հանքարդյունաբերության տակ ներկայացնելու, բնակչության շրջակա միջավայրը թունավորելու, գնալով խորացող սակավաջրության և երկրի անապատացման, խաբված բնակարանատերերի, պետական կարիքների զոհերի և բազմաթիվ, գնալով ավելի ու ավելի շատացող պրոբլեմների մաիսն: Տեղյակ չեն: ԶԼՄ-ների նյութերին ծանոթ չեն,-ոչ հերքում են, ոչ հաստատում: Կառավարության շենքի մոտ օրերով մաշվող մարդկանց պրոբլեմներին ծանոթ չեն: Դեղորայքային շուկային, անորակ դեղերին, չբուժվող հիվանդներին, ազատամարտիկների վիճակին ծանոթ չեն: Դե ծանոթ չեն մարդիկ, ի՞նչ ասես: Ծանոթ չլինելով՝ պրոբլեմների շարքում չեն ընդգրկել: Ծանոթ չեն, չեն լսել, առավել ևս չեն տեսել թաղային խուժանին: Փաստ է ԿԸՀ-ի ներկայացրած ընտրությունների արդյունքը, ճիշտ այնպիսի փաստ, ինչպես ԱԺ-ում գործարարների բացակայությունը: Չգիտեն, չեն լսել, չեն տեսել, չեն կարդացել մշակութային հուշարձանների ճակատագրի մասին: Տեղյակ չեն, որ մի մարդ վեր է քաղաքապետարանից, մշակույթի նախարարությունից և հենց կառավարությունից: Տեղյակ չեն, ինչ արած: Տեղյակ չլինելով՝ չեն կարող այդ մասին մտածել: Տրամաբանական է: Այդքան անտեղյակությունից հետո ծրագրեր են ներկայացնում: Ասում են, որ ծրագիրը մշակելիս այցելել են բազմաթիվ համայնքներ, հանդիպել հազարավոր մարդկանց, լսել նրանց հուզող հարցերը: Եվ այդքան ծանր աշխատանքից հետո ընտրել են մի մոդելային հարց՝ Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանող Արմեն Հարությունյանի ակնկալածը պետությունից: Նա ակնկալել է աշխատանք, մատչելի բնակարան, ավտոմեքենա: Մի խոսքով` պայմաններ ընտանիք ստեղծելու և հայրենիքում արժանապատիվ ապրելու համար: Ի՜նչ գյուտ: Արժեր արդյոք պետական միջոցները փոշիացնել, հազարավոր մարդկանց և համայնքների հետ հանդիպել՝ այդ վաղուց հանրահայտ ակնկալիքը հասկանալու համար: Հազարավոր մարդիկ ամեն շաբաթ կառավարության դռներին գոռում են, տնքում են, հառաչում են, սպառնում են, խնդրում են, կռվում են, գրում են պաստառներին, երբեմն էլ ինքնահրկիզման փորձեր են անում՝ հայրենիքում արժանապատիվ կյանքի համար: Ոչ, ներողություն, պարզապես տանելի կյանքի համար: Բայց վարչապետին այդ մաիսին վերջապես գլխի գցեցին Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանողները: Նրանց մի փոքր էլ օգնել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի թոշակառու Ալվարդ Շահինյանը: Նա էլ գլխի է գցել, որ Բարձր թոշակը, որակյալ բուժօգնությունը, տարիների ընթացքում կուտակած և Խնայբանկում ներդրած ավանդի վերադարձը լավ բաներ են: Վարչապետի տառապանքներն անիմաստ չանցան, դրանք հաջողությամբ են ավարտվել: Դե ինչ, վերջապես գիտի: Փառք Աստծո: Իմանալով՝ արդեն ծրագիր է ներկայացրել: Հիմա՝ ծրագրի մասին: Ուզում էի ասել՝ կարդացեք: Բայց ոչ, մի կարդացեք: Մեղք եք: Պարզապես ասեմ, որ այնտեղ ծրագիր չկա: Համենայն դեպս՝ որևէ պարտավորեցնող ծրագիր: Խոսքեր՝ շատ - թոշակների բարձացում, բարձր աշխատավարձեր, կրթության որակի և հասանելիության ապահովում` որպես ոչ ավել, ոչ պակաս՝ առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված հիմնական միջոց և այլն, և այլն... և ամենավերջում՝ ներդրվելու է գույքահարկի արդարացի համակարգ։ Հետաքրքիր է՝ հիմիկվանն անարդա՞ր է: Ինչո՞վ: Արդարն ի՞նչն է: Ո՞ւմ համար է արդար լինելու: Եթե հիմիվանն անարդար է, ինչո՞ւ են պահել: Էլ ի՞նչ արդար բաներ են լինելու: Բայց սրանք բոլորը անկարևորն են: Կարևորն այն է, որ չկա, ուղղակի չկա, կուզեք խոշորացույցով նայեք, կուզեք երևակայությամբ, կուզեք սեղանի տակ, պահարանի մեջ, տողերի արանքում... չկա ոչ մի հատ չափելի ծրագիր: Քանի հատ, որքան դրամ, քանի տոկոս, քանի քաղաքացի, քանի մանր բիզնեսմեն, քանի բնակարան, քանի երիտասարդ, քանի տարեց, քանի հեկտար, կիլոգրամ, տոննա, մետր, կիլոմետր, քանի հիվանդ, թոշակառու, աշխատող... Փաստորեն՝ մենք ծրագիր չունենք: Բայց վերջում գիտե՞ք՝ ինչ փայլուն խրատ կա: Չեք դիմանա, նստեք. վարչապետը գտնում է... ասում է... խրատում է... համոզում է... խոստանում է... երազում է... մտածում է... պահանջում է, որ «Մենք պետք է կազմակերպվենք, դառնանք մարտունակ պետություն և կազմակերպված հասարակություն»: Եվ գիտի, հաստատ գիտի, հայտարարում է, որ «Անհրաժեշտ է վերանայել յուրաքանչյուրիս անձնական շահի գերակայությունը հանրային, պետական, ազգային շահի նկատմամբ: Սա է այն բանաձևը, որի գործարկման արդյունքում մենք կկարողանանք կերտել մրցունակ, ապահով և մարտունակ պետություն»: Վերանայեք, սիրելի մանր հողատերեր, խաբված տնատերեր, շահագործվող աշխատողներ, աշխատավարձ չստացողներ, դատարանների որոշումների զոհեր, հանքահանության հետևանքով քաղցկեղի տագնապ ունեցողներ, ձմեռը վառելիք չունեցողներ, ոռոգման ջուր չունեցողներ, շուտով՝ նաև խմելու ջուր չունեցողներ, սուպերմարկետներից ճնշված մանր կրպակատերեր, թոշակային անուրախ գոյության մատնվածներ, ուսման վարձ վճարելու անկարողներ, աշխատանք և համապատասխան ծանոթ չունեցողներ... ձեր անձանական շահը ստորադասեք հանրային, պետական, ազգային շահին, այսինքն՝ պետության կարիքներին, որ նույնն է՝ իշխանության կարիքներին: Մեր ճկուն վարչապետը մի հիանալի բանաձև գիտի՝ «Ժամանակակից աշխարհի ամենաորոշակի բնութագրիչն անորոշությունն է, իսկ ամենակայուն գնահատականը՝ անկայունությունը»։ Այս հաստատուն բնութագրի պայմաններում ի՞նչ հաստատուն ցուցանիշներ եք ուզում: Եվս հինգ տարի՝ անորոշություն և անկայություն: Իսկ հետո՞: Հետո՝ կսովորենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/196470633838554?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել