Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանն ու Թուրքիան ստեղծում են Քոչվոր քաղաքակրթությունների կենտրոն:
Նշվում է, որ կենտրոնը գտնվելու է Բիշքեկում: Կենտրոնի ստեղծման նպատակն է ընդլայնել թյուրքախոս ժողովուրդների միջև սպորտային, մշակութային կապերը:
Կենտրոնի աշխատանքային լեզուներն են լինելու տվյալ երկրների պաշտոնական լեզուներն ու անգլերենը:
Պանթուրքիստական ծրագրերի կյանքի կոչման համար Անկարան օգտագործում է նախկին ԽՍՀՄ անդամ երկրները, իսկ մշակութային, սպորտային կազմակերպությունների ստեղծումը Թուրքիայի soft power-ն է Կենտրոնական Ասիայում: Բացի այդ՝ առկա են մի շարք այլ հարթակներ, որոնք նույնպես օգտագործվում են Անկարայի կողմից:
Թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի` TurkPa-ի մեջ է մտնում 4 երկիր` Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Պաշտոնապես այդ կազմակերպության նպատակն է թյուրքախոս երկրների միջև հարաբերությունների խորացումը, տնտեսական կապերի ընդլայնումը և համատեղ ծրագրերի իրականացումը:
TurkPa-ի մեջ առաջնային դիրք է զբաղեցնում Թուրքիան, որը ԽՍՀՄ փլուզումից հետո փորձում է վերականգնել իր ազդեցությունը թյուրքախոս պետություններում՝ օգտագործելով թյուրքախոս երկրների հետ ընդհանուր լեզվի, կրոնի, ծագման ընդհանրությունները՝ դրան զուգահեռ ակտիվացնելով առևտրա-տնտեսական կապերը վերոնշյալ երկրների հետ:
Թուրքիան, այդ կազմակերպությունը, հարթակը օգտագործելով, նոր լիցք է փորձում է հաղորդել դարեր ի վեր թուրքական արտաքին քաղաքականության առաջնահերթություն համարվող և երբեք իր ակտուալությունը չկորցնող պանթուրքական` թյուրքախոս երկրների համախմբման քաղաքականությանը և ռազմավարությանը:
Թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի մեջ մտնող երկրներից յուրաքանչյուրի հետ Անկարան կառուցում է բազմաշերտ հարաբերություններ թուրքական գործոնը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ամրապնդելու ենթատեքստում:
Այսպես՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ․ Անկարա-Բաքու տանդեմի գործունեության կարևորագույն համախմբող տարրերից է հակահայկականությունը, Հայաստանի մեկուսուացումը Հարավային Կովկասում, ինչպես նաև հայկական սփյուռքի դեմ պայքարը աշխարհի ցանկացած անկյունում:
Թուրքիան առևտրա-տնտեսական, էներգետիկ-կոմունիկացիոն կապերով սերտորեն կապված է Ադրբեջանի հետ և դիտարկում է այդ երկիրը որպես պատուհան կամ պլացդարմ Կենտրոնական Ասիայի երկրներում Անկարայի ազդեցության ամրապնդման և այդ երկրները դեպի Թուրքիա ուղղորդելու նպատակով:
Մեկ ազգ-երկու պետություն բանաձևով առաջնորդվող Թուրքիան և Ադրբեջանը փոխհամաձայնեցված քաղաքականություն են վարում նաև Կենտրոնական Ասիայի երկրների, մասնավորապես՝ TurkPa-ի անդամներ Ղազախստանի և Ղրղզստանի նկատմամբ:
Թուրքիայի և Ղազախստանի հարաբերությունները վերջին շրջանում ակտիվացել են բոլոր ոլորտներում:
Թուրքիան շահագրգված է Ղազախստանի խոշոր նավթագազային պաշարներով, որոնք Անկարան փորձում է ուղղել դեպի ադրբեջանական նավթային և գազային առկա խողովակաշարար` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում ղազախական էներգակիրները Եվրոպա արտահանելու համար:
Այդ քաղաքականությունը Թուրքիան իրականացնում է Արևմուտքի դրդմամբ, որոնք ցանկանում են ներկրել, շահագործել Կենտրոնական Ասիայի էներգակիրները՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը Արևելք-Արևմուտք էներգետիկ-կոմունիկացիոն միջանցքի ստեղծման քաղաքականության ենթատեքստում:
Թուրքիայի և Ղրղզստանի հարաբերությունները նույնպես զարգացում են ապրում, սակայն ղրղզական գործոնը այդքան էլ ծանրակշիռ չէ Կենտրոնական Ասիայում, ինչը չի կարելի ասել Ղազախստանի մասին:
Այսպիսով՝ Թուրքիայի ձգտումներն՝ իր շուրջը համախմբել թյուրքախոս երկրներին և դրանով իսկ ստեղծել թուրքական կենսական շահերի տարածք, ազդեցության գոտի, շարունակվելու է, և Անկարան ֆինանսական, դիվանագիտական և կազմակերպչական նորանոր ջանքեր է գործադրելու այդ ուղղությամբ: