Մի շարք կայքեր եւ թերթեր անընդհատ հրապարակում են դատական գործեր: Մի կողմից դա լավ է թափանցիկության առումով, մյուս կողմից կան մի շարք խնդիրներ, որոնց վրա նրանք կարծես չեն ուզում ուշադրություն դարձնել եւ միայն մտածում են սեփական ռեյթինգի մասին:
Այդ կարեւոր բաներից կարեւորագույնն այն է, որ այժմ ինտերնետը այնքան տարածված եւ մատչելի է, որ հասանելի է նաեւ անչափահաս երեխաներին: Հիմա դժվար է գտնել մի անչափահասի, որը չի օգտվում ինտերնետից: Իսկ այդ դատական գործերում մանրամասն նկարագրված են հանցագործության կատարման եղանակները, միջոցները, նկարագրված են բռնության տեսարաններ, հանցագործի կերպարներ, որը մարդկանց մտովի տեղափոխում է հանցագործության վայր: Եթե երեխաները մի քանի անգամ այդպիսի բաներ կարդան, դա կարող է մխրճվել նրանց ենթագիտակցության մեջ եւ մի օր բերել վատ հետեւանքի: Եթե նայենք անչափաս տարիքիների կատարած հանցագործությունների թիվը, ապա կտեսնենք, որ վերջին մի քանի տարվա մեջ այն կտրուկ աճել է:
Կա մի ուրիշ հանգամանք: Այդ դատական գործերում (հատկապես զինվորական) հաճախ օգտագործվում են հայհոյախառն բառեր, որոնք առանց խմբագրելու տեղադրում են շատ ու շատ ԶԼՄ-ներ: Կարծում եմ՝ ոչ մեկին հաճելի չէ, որ իր մայրը, քույրը, երեխան, ընկերուհին կամ ցանկացած կին արմատ կարդա դա:
Ըստ իս՝ սրա միակ լուծումը այն է, որ ստեղծվի հատուկ պետական մեխանիզմ, որը կվերահսկի այդ ամենը: Պետք է որոշ սահմանափակումներ դրվեն, եւ դատական գործերի հրապարակման որոշակի օրենքներ մտցվեն, որպեսզի դաշտը կարգավորվի:
Հենց այս պարագայում ավելի ու ավելի եմ համոզվում, որ նրանք, ովքեր հասուն տարիքում են սկսել օգտվել ինտերնետից, իսկ փոքր ժամանակը անցկացրել են բակում տարբեր խաղեր խաղալով, երջանիկ մարդիկ են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.israelyan/posts/617270124969288
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել