Ասում եմ՝ չգնամ վարկ վերցնեմ՝ տանեմ, պարտքերս տամ, որ երեսատեղ թողնեմ, հետո պարտք վերցնեմ՝ վարկերս փակեմ, ու այսպես շարունակ: Արդյունքում կուտակվում է հսկայական պարտքերի մի ցուցակ, ու երևի հայտնի անեկդոտի նման` մեկին հարցնում են՝ մի միլիոն որ գտնես, ի՞նչ ես անելու, պատասխանում է` պարտքերս կտամ: Իսկ մնացածը` մնացածը թող սպասեն: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը այնպիսի մի իրադրություն է ստեղծել, որ պարտքի տակ են համարյա բոլորը: Առիթից օգտվելով՝ ֆինանսական կազմակերպությունները առաջարկում են «շահավետ» վարկեր, օգտվիր ու ընկիր կրակը: Մի քանի օր առաջ Արմավիրում էի: Կարկուտից տուժած մի բնակիչ ինֆարկտ էր ստացել: Տան միակ կերակրողն էր ու իր ամբողջ կարողությունը ներդրել էր իր մոտ 10 հեկտար հողատարածքի վրա ու հիմա չգիտեր՝ ինչպես դուրս գա ստեղծված իրավիճակից: «Որոշել էր ինֆարկ ստանար ու պրծ»: Ասում եմ՝ չգնամ վարկ վերցնեմ՝ տանեմ, պարտքերս տամ, որ երեսատեղ թողնեմ, հետո պարտք վերցնեմ՝ վարկերս փակեմ, ու այսպես շարունակ:
Բայց ցավալին այստեղ ուտելու խնդիրն է: Ստամոքսը չգիտի, որ կարկուտն ամբողջ բերքը փչացրել է, որ պարտատերերդ ամեն օր թակում են դուռդ ու հաշվի չեն առնում, որ միակ կովդ ամբողջ ամառ մի բաժակ կաթ է տալու երեխաներիդ, եթե այն էլ ծախվի, իսկ ո՞նց ծախես, հենց այդ կովի երաշխիքով են քեզ վարկ տվել: Իսկ կովը, հասկանալով իր կարևորությունը, բռնել ու սատկել է: Դե արի ստամոքսիդ բացատրի, որ սփյուռքում ապրող ազգականդ պարտավոր չի ամբողջ տարի աշխատի ու քեզ գումար ուղարկի, ինչ է թե դու հայրենասեր ես ու չես ուզում արտագաղթել: Այս իրավիճակի նկարագրությունը կարելի է մի ամբողջ օր անել ու չվերջացնել, ուստի զարմանալի չի, որ գյուղացին ոտքի է կանգնել, ու թողած իր ամենօրյա աշխատանքը (բայց անելու բան էլ չի մնացել)՝ գալիս է հասնի մայրաքաղաք, որ իր հոգսի մասին տեղ հասցնի հարգարժան ընտրյալներին: Եթե իրենք իրենց քաղցը մի կերպ զսպեն, ապա իրենց քաղցած երեխաների համար էլ գոնե պետք է պայքարեն: Ասում են՝ մենք` մինչև դանակը ոսկորին չի հասնում, քայլեր չենք ձեռնարկում: Արմավիրի կարկտահարության դեպքը կարծես այդ ոսկորին հասած դանակն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/534145116620541
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել