«Փաստ» թերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել «Ելք» դաշինքի շուրջ: Արդեն բավական ժամանակ է, ինչ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանին այլևս պետք չեն ո՛չ «Լուսավոր Հայաստանը», ո՛չ էլ «Հանրապետություն» կուսակցությունը, որոնց փաստացի նա դիտարկում է որպես բալաստ՝ վստահ լինելով, որ միայնակ էլ կհասնի ոչ պակաս հաջողության: Սա, իհարկե, որպես դաշինք, սակայն չի բացառվում, որ վարչապետին այս դաշինքը պետք լինի... դաշինքից դուրս, այսինքն՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առանձին միավոր, առավելապես հետընտրական փուլերի համար (կոալիցիա և այլն): Շատ հավանական է, որ հենց այս առումով էլ տարօրինակ ընթացք ստացավ վերոնշյալ երկու կուսակցությունների՝ առանձին դաշինք ձևավորելու գործընթացը:

Նախ, հստակ էր, որ այս դաշինքը պետք է կոչվի երկու կուսակցությունների անունով՝ «Լուսավոր Հանրապետություն», ինչի մասին մենք գրեցինք դեռ մեկ ամիս առաջ:

Սակայն շատ ավելի էական է ԼՀԿ ղեկավարի՝ Էդմոն Մարուքյանի դիրքորոշումը: Ողջ այս 1–2 շաբաթում նա որևէ ձայն չի հանել, որևէ գրառում իր էջում չի արել, ավելին՝ չի երևում նաև այն լուսանկարում, որը արվել է դաշինքի անվան շուրջ քննարկումների ժամանակ: Չի բացառվում, որ Մարուքյանը որոշակի վիրավորվածություն ունենա թե՛ Փաշինյանից, թե՛ «Ելքի» հետ կապված վերջինիս հեռահար պլաններից, ինչի մասին խոսեցինք: Առավել ևս, եթե պարզվի, որ Զեյնալյանի թեկնածությունն իրականում առաջադրվել է ուղղակի այլ ուժերից ձայներ փախցնելու համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել