Հերթական անգամ քամուն են տրվում պետության փողերը:

Ինչպես շատերին է հայտնի, այսօր սկսվեցին ՀՀ ՊՆ բուժվարչության զորավարժությունները: Արդեն 8 ժամից ավել է, ինչ բազմաթիվ գործող և նախկին բժիշկներ (որոնք, ճիշտ է, զբաղվում են այլ գործով, բայց մասնակցում են երկրի տնտեսության մեջ բարիք ստեղծելուն) գտնվում ենք պարապուրդի մեջ:  

Հիմա նկարագրեմ, թե ինչ է կատարվում: 

Առավոտյան ժամը 9-ին, ինչպես զգուշացրել էին, ներկայացանք զինկոմիսարիատ: Մեկ ժամ այնտեղ կորցնելուց հետո շարժվեցինք դեպի զորամաս: 10:30 մոտ այնտեղ էինք: Մինչև 13:00 սահմանները պարապ-սարապ, հիսունից ավել չափահաս մարդիկ, որոնք թողել են իրենց գործերը չգիտեինք՝ ինչ անենք: Հետո «ներկա-բացակա»-ի նման հաշվառում արեցին, ու գնացինք ճաշարան: Ճաշից հետո նորից պարապ-սարապ ֆռֆռում ենք: Հա մի քանի գնդապետ, մայոր ու այլ զինվորական էլ լուրջ դեմքերով գնում-գալիս են զորամասի տարածքով:

Հիմա դուք գնահատեք, թե ինչքան վնաս է կրում մեր պետությունը: Զորավարժությունների համար դուրս գրած միլիոնավոր գումարներ: Դեռ դրան էլ գումարած այն չկատարված գործերը և չբուժված հիվանդները (որքան գիտեմ, ներքին համախառն արդյունքի մեջ հաշվառվում է ցանկացած կատարված աշխատանք, որը բարիք է ստեղծում, նյութական կամ ծառայության ձևով):

Ահա թե ինչպես են հարկատուների արյուն քրտինքով վճարած գումարները փոշիացվում ու խախտվում բնականոն աշխատանքային պրոցեսները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել