Արիստոկրատ տոհմի ներկայացուցիչ Դիանա Սփենսերը կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել ժողովրդի սրտերն ու իր քայլերով ու որոշումներով խամրեցնել թագավորական ընտանիքի մյուս անդամներին: 

Դիանայի շնորհիվ արքայադստեր կերպարը դադարեց վսեմ և ոչ երկրային երևույթ լինելուց: Նա ցույց տվեց մարդկանց, որ այլ գալակտիկայից եկած աստղ չէ, այլ նույնպիսի մարդ է, ինչպես բոլորը: Այս մասին գրում է AdMe.ru-ն՝ ներկայացնելով մի քանի դեպք, թե ինչպես է լեդի Դին խախտել թագավորական կանոնակարգը, և թե ինչպես է դա ազդել բրիտանական միապետական ընտանիքի վրա: 

1. Նա ինքն է ընտրել իր նշանադրության մատանին

Սովորաբար թագավորական ընտանիքներում նշանադրության մատանին պատվիրվում է հայտնի ոսկերիչների մոտ, բացի այդ՝ մատանին պատրաստելիս կիրառվում են ընտանեկան մասունքները: Արքայադուստր Դիանան հրաժարվել է այդ ավանդույթից և ընտրել է իրեն դուր եկած մատանին՝ ըստ կատալոգի:

Այդ նույն մատանին այժմ կրում է արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը: 

2. Դիանան դարձել է թագավորական ընտանիքի առաջին կինը, որը ծննդաբերել է պալատի պատերից դուրս

Երկար տարիներ թագավորական ընտանիքի կանայք ծննդաբերում էին տանը, որտեղ ստեղծվել էին բոլոր պայմանները՝ երեխաների ծնունդն ընդունելու համար: Արքայադուստր Դիանան նախընտրել է երեխաներին լույս աշխարհ բերել հիվանդանոցում: 

3. Դիանան երեխաների դաստիարակման հարցում իր հայացքներն ուներ

Նախկինում թագավորական ընտանիքում ընդունված չի եղել չափազանց շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ և առավել ևս նրանց արտասահմանյան ուղևորությունների տանել իրենց հետ: Արքայադուստր Դիանան մերժում էր ձևականություններն ու երեխաներին այլ կերպ մեծացնում: 

4. Դիանան բաց էր մարդկանց հետ՝ ի հեճուկս արքայական կանոնակարգի 

Նրա անունն անմիջականորեն ասոցացվում է բարեգործության հետ: Թագավորական ընտանիքում միայն նա չէր հիվանդանոցներ կամ բարեգործական միջոցառումների այցելում, սակայն ժողովուրդը հենց նրան տվեց «մարդկային սրտերի թագուհի» անվանումը, քանի որ ակնհայտ անկեղծությամբ էր անում դա: 

5. Նա չէր վախենում զգացմունքները ցուցադրելուց 

Մամուլն ուղղակիորեն հետապնդում էր նրան. պապարացիները լուսանկարում էին նրա յուրաքանչյուր քայլը: Չնայած դրան՝ լեդի Դին մշտապես անկեղծ էր լրագրողների հետ, երբեմն նույնիսկ չափազանց: 1995-ին նա գաղտնի հարցազրույց է տվել, որում բացահայտել է ամուսնու հետ առկա խնդիրները: Դրանից քիչ անց նրանք ամուսնալուծվեցին: 

6. Դիանան սիրում էր կերպարներ փորձարկել 

Չնայած բավականին խիստ դրես-կոդին արքայադուստրը միշտ հաջողացնում էր և՛ նրբագեղ, և՛ նորաձև, և՛ պարզապես գեղեցիկ տեսք ունենալ: Նա սիրում էր սև գույնը և հաճախ էր ներկայանում այդ երանգի զգեստներով, թեև թագավորական ընտանիքի անդամները սև հանդերձանք կրում են միայն սգո արարողությունների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել