Վերջին մի քանի օրերի ընթացքում բոլոր ծանոթներիս և արդեն ոչ ծանոթներիս առաջին հարցը նույնն է. «YouTube–ում սոված հայերի տեսանյութը տեսե՞լ ես, ոնց են խժռում ու գողանում ուտելիքը»։
Երբ առաջին անգամ դիտեցի տեսանյութը, մտածեցի, որ ինչ–որ մեկի չար կատակն է։ Հետո, շատ կարճ ժամանակահատվածում, ամենատարբեր կայքերում հայտնվեցին տեսանյութին վերաբերող հոդվածներ ու կարծիքներ, որոնք ինձ մոտ միայն զայրույթ էին առաջացնում։ Համբերության եզրագիծն ադրբեջանցի լրագրող Աքպեր Հասանովի «Радость и печаль одинаково ощущаются людьми разных национальностей, цвета кожи, вероисповедания» հոդվածն էր։
Կայքերում տեսանյութին երկակի մոտեցում կա։ Մի մասը փնովում է այն ԶԼՄ–ներին, ովքեր ի լուր և ի տես բոլորի տարածել են տեսանյութը YouTube–ում՝ բացելով հայ ժողովրդի խայտառակման ճանապարհի սկիզբը (չնայած սա բնավ էլ խայտառակման սկիզբը չէ, մենք արդեն վաղուց ենք խայտառակ վիճակում)։
Մյուս մասը տեսանյութը համարում է կյանքի իրական պատկեր, ամոթանք տալիս երկրի իշխանություններին, ուտելիքը խժռող (այլ բառով երևույթն անվանել սխալ կլինի) մարդկանց։
Խոսքի ազատությունը հնարավորություն է ընձեռում արտահայտվել բոլորին։
Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիների սոցիալական վիճակը ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ աղաղակող վատ վիճակ։ Իսկ երկրի սոցիալական քաղաքականությունը հետույքում է՝ խորը։ Այս ֆոնի վրա բարձրաստիճան հյուրերը (տեղացի և հրավիրված) գալիս են, եկեղեցի բացում ու մատաղ մատուցում բացման արարողությանը հավաքված ժողովրդին։ Եվ հենց այդտեղ սկսվում են արդեն Հայաստանից դուրս հայտնի տեսանյութի իրադարձությունները։
Մի կողմից մարդիկ են, ովքեր իրենց աշխատանքային ողջ գործունեության ընթացքում թալանել են, մյուս կողմից նրանք են, ում թալանել են առաջինները։
Եկեղեցի է կառուցում մի մարդ, ով թալանել, թալանում և շարունակելու է այդ գործընթացը։ Արդյո՞ք եկեղեցի կառուցելու շնորհը տրված է բոլորին։ Ի՞նչ նպատակ է հետապնդում սույն օլիգարխը։ Մտածում է մեղքերի թողությու՞ն ստանալ։ Ի՞նչ գումարներ են ծախսվել եկեղեցու շինարարության վրա։ Արդյո՞ք ազնիվ ճանապարհով վաստակած։ Եվ ճիշտ չէ՞ր լինի հայրենի քաղաքի տասնյակ սոված ընտանիքների խնդիրները լուծել։ Թե՞ հայաստանյան օլիգարխների մոտ «մոդա» է եկեղեցիներ կառուցելը։
Կոնկրետ ես ինձ երբեք թույլ չէի տա ներկա լինել Հայաստանի համար պատուհաս դարձած ինչ–որ մեկի կողմից կառուցված եկեղեցու բացման արարողությանը։ Իսկ այ սեղանի շուրջ հավաքված և ուտելիքը խժռող, ուտելիքը գողացող մարդիկ իրենց թույլ են տվել։ Ինչու՞։ Ծառուկյանի կրթված դեմքի՞ն էին կարոտել, թե՞ եկել էին նրան շնորհակալություն հայտնել իրենց արած լավության համար։ Դժվար թե։
Նորմալ, մաքուր հագնված մարդկանց նման պահելաձևն առնվազն աբսուրդ է, անվայել արարք, որ կաներ միայն իսկական բոմժը։ Հիմա դիտելով տեսանյութը ու տեսնելով ուտելիքի հափշտակման սեփական քայլերը՝ տեսանյութի՝ արդեն Հայաստանից դուրս հանրահայտ դարձած մարդիկ ի՞նչ են մտածում։ Գո՞հ են արդյոք իրենցից տղամարդիկ ու կանայք, ովքեր սեփական ստամոքսները լցնելու նպատակով խժռում էին ամեն ինչ, լցնում պայուսակները։ Գո՞հ են արդյոք նրանք, ովքեր դարձել են YouTube–ի հերոսներ և ովքեր խայտառակել են սեփական ազգը։
Հանցագործ օլիգարխնե՞րն են այստեղ մեղավոր, Հայաստանի պատուհաս իշխանություննե՞րը, թե՞ ստամոքսը մի փոր հացով լցնելու համար իրար բրդբրդող ու աֆրիկյան սովյալ երկրից փախած մարդկանց տպավորություն թողնող անձնավորությունները։
Խնդրի էությունն այն է, որ ինձ տեսանյութը դիտելու առաջարկ են անում իմ մոսկվացի ընկերները, ազգությամբ ո՛չ հայ։
Խնդրի էությունն այն է, որ հայերի մասին գրում են ադրբեջանցի լրագրողները, և ցավալի է, որ, օրինակ, վերոհիշյալ Աքպեր Հասանովը անհերքելի ճշմարտություն է գրում։
Խնդրի էությունն այն է, որ մեր ազգը խայտառակ եղավ ամենուր, իսկ այս տեսանյութը դեռ երկար կմնա քննարկման աղբյուր։
Խնդրի էությունն այն է, որ տասը տարի ապրելով Մոսկվայում և կտրականապես մերժելով ռուսական քաղաքացիություն ստանալու առաջարկները՝ ես հիմա մտածում եմ, որ սխալ եմ արել։
Թող պատժվեն բոլոր նրանք, ովքեր երկիրը հասցրին այս վիճակին, թող նրանք ու նրանց ընտանիքներն ամեն օր եկեղեցու բացման արարողություն որոնեն, որպեսզի սոված ոհմակի պես հարձակվեն ուտելիքի վրա, բայց ի տարբերություն տեսանյութի «հերոսների»՝ սրանց ոչինչ չհասնի։
Այս տեսանյութը երկրի կործանման սկիզբն է։
Նման երկրում, ուր մարդն ինքն իրեն չի հարգում, չունի սկզբունքներ, հետևողական չէ և սկսած գործը կիսատ է թողնում, տեղաշարժեր դեպի լավը երբեք չեն կարող լինել։



