Օգոստոսի 17-ի հանրահավաքը, որտեղ կառավարությունը պետք է իր գործունեության 100 օրն ամփոփեր, կայացավ, բայց պետք է հստակեցնենք, որ այդ հանրահավաքի ժամանակ ավելի շատ խոսվեց ապագա անելիքների մասին, քան արդեն արվածի մասին։
Հատկապես հետաքրքրական էր ուղիղ ժողովրդավարության մասին հատվածը, երբ վարչապետը Հայաստանը համեմատեց Հին Հունաստանի հետ, իսկ Հանրապետության հրապարակը՝ Ագորայի հետ։
Աշխարհի ուղիղ ժողովրդավարության «հեծանիվները» դարերի ընթացքում հղկվեցին, և անունն էլ դրեցին ընտրություններ։ Հակառակ դեպքում ինչո՞ւ ենք նոր ընտրական օրենսգիրք մշակում։ Կհավաքվենք հրապարակում, կծափահարենք ու որոշումները կկայացնենք, դե ում ավելի շատ ծափ տվեցին, կլինի վարչապետ, մյուսը՝ ԱԺ նախագահ, կլինեն պատգամավորներ, ու այդպես շարունակ։
Այո, աշխարհում նոր հեծանիվներ հորինելը դժվար է, գրեթե անհնարին, եթե, իհարկե, դուք Իլոն Մասքը չեք, բայց ես երեկ հրապարակում Իլոն Մասք չեմ տեսել։ Տեսել եմ հստակ քաղաքականություն և միայն, որտեղ լիդերը հրապարակն օգտագործում է որպես քաղքական հենարան, նման օրինակներն էլ շատ են։
Հիմա՝ հիասթափեցնելը։ Ագորան-հրապարակը բոլոր ժամանակներում էլ եղել է հանրահավաքների վայր, ու հրապարակներում ոչ թե գոռալով էին ընտրում, այլ կրկին ու կրկին ձայներ տալով։
Хлеб и зрелище, panem et circenses - այ այս արտահայտության տակ արդեն կարելի է տեղավորել գոռալով կամ ծափերով ընտրությունը։ Նույն Հին Հռոմում, երբ ստեղծվեցին առաջին կրկեսներն, ու գլադիատորները կենաց-մահու կռիվ էին տալիս, մարդիկ իրենց ծափերով և բղավոցներով որոշում էին՝ կապրի՞ գլադիատորը, թե՞ ոչ, և գործում էր բութ մատի մեթոդիկան, որից և կախված էր գլադիատորի կյանքը։
Ինչպես գուշակեցիք, «panem et circenses»-ը հաղթում էր, և մարդիկ արյուն էին տենչում և երեկոյան մեկ գավաթ ոգելից խմիչքի ու մեկ կտոր հացի շուրջ քննարկում էին այդ օրվա տեսածը։
Եվ ուրեմն... Դեմոկրատիան մեզ հանեց այդ շրջափուլից և հասարակությանը տվեց ղեկավարելու իրավունք, մենք ընտրում ենք, և եթե հրապարակում, տանը և աշխատավայրում նստած մարդիկ գիտակցեն իրենց քվեի արժեքը, ծափահարությունների կարիք չի լինի։