Նիկոլ Փաշինյանի կառավարության սկզբունքներից ու գործողությունների հիմնաքարերից է կոռուպցիայի ու անօրինականության դեմ պայքարը, ինչի առանցքի շուրջ էլ, ըստ էության, կառուցվում է պետական կառավարման ոլորտային քաղաքականությունը: Երևույթը դրական է, սակայն պետք է խոստովանել, որ ամեն ինչ արվում է հանպատրաստից, իսկ երբեմն՝ կառավարության անդամների կողմից միմյանց հետ չքննարկվող, չվերլուծվող, ռիսկերը չհաշվարկող նախաձեռնողականությամբ: Ինչի՞ մասին է խոսքը:
Դեռևս իշխանության գալուց առաջ Փաշինյանի մոտեցումն այսպիսին էր. կա կոռուպցիա, անօրինականություն, չկան ներդրումներ, չկա ձեռներեցություն: Սակայն մի բան է լինել իշխանությունից դուրս ու անել նմանատիպ հայտարարություններ, որոնք, ըստ էության, վնասաբեր չեն, այլ բան է լինել իշխանությունում ու կատարել չհաշվարկված քայլեր, որոնց արդյունքում վնասներն ակնհայտ են և հաշվելի:
Եթե փորձենք օրինակներով ներկայացնել, ապա ամենացայտուններից էր սուպերմարկետների կողմից գյուղմթերքի վաճառքի հետ կապված արտոնության «բացահայտումն» ու վերացումը, ինչի արդյունքում տուժեց գյուղացին, ով առանց այդ էլ շահեկան դիրքերում չէ: Ակնհայտ է, որ նախապես մտածված քայլ չէր նոր կառավարության կողմից, և միայն արդյունքներին բախվելուց հետո խոշորներին թույլ տրվեց նույն աշխատաոճը՝ անունը դնելով «օրինականացված»: Նման չհաշվարկված միջոցառում էր ստվերը հարկային դաշտ բերելու մասին կտրուկ որոշումը, ՊԵԿ-ի իրականացրած ստուգումներն ու գրանցված խախտումները: Արդյունքում նեղն ընկավ առանց այդ էլ խոցելի փոքր և միջին ձեռնարկատիրությունը: Կրկին արդյունքների բախվելուց հետո հայտարարվեց, որ դա սաբոտաժ է նոր իշխանությունների նկատմամբ: Չհաշվարկված հայտարարությունների ու առաջարկների պակաս չի զգացվում կառավարության նիստերին։ Օրինակ՝ առողջապահության նախարարի կողմից բուժաշխատողների աշխատավարձերը 15%-ով բարձրացնելու մասին հայտարարությունը, որն, օրինակ, ֆինանսների նախարարության կողմից ուսումնասիրված չէր: Շարքը շարունակելի է: Այս ամենում կա տրամաբանություն. մի կողմից նոր կառավարությունը դեռ չի ձևավորել նորմալ թիմային աշխատանք, մյուս կողմից՝ նախարարներից յուրաքանչյուրը ձգտում է հանրությանն ականջահաճո հայտարարություններով հանդես գալ, մինչդեռ իշխանության դիրքերից պոպուլիզմը պետք է տեղը զիջի պատասխանատվությանն ու խոստումների իրականացմանը:
Բազմաթիվ խոստումների թվում է «Նոր Հայաստան» ներդրումների գրոհի ապահովումը, քանի որ այլևս չկա կոռուպցիա, և ներդրումները պաշտպանված են: Հայտարարությունը կա, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը ևս երևում է, սակայն դրան զուգահեռ երկրում ընթանում է բավական սկանդալային մի միջադեպի քննություն, որին անմիջական մասնակցություն ունի միջազգային խոշոր ներդրող ընկերություն: Խոսքն Ամուլսարի հանքի շահագործմամբ զբաղվող «Լիդիան» ընկերության մասին է: Մի կողմից կան բարձրագույն մակարդակով արված հայտարարություններ առ այն, որ ներդրումներն այսուհետ Հայաստանում պաշտպանված են հարյուր տոկոսով, մյուս կողմից՝ ընկերությունը կանգնած է մոտ 400 մլն դոլարի ներդրումային ծրագրի դադարեցման սպառնալիքի առաջ, որի ծախսային մի հատված արդեն իսկ արված է: Այս խնդիրն իսկապես խոցելի է, լուծումն՝ առայժմ անորոշ, սակայն, փաստացի, արդեն իսկ ունենք չպաշտպանված ներդրման ցայտուն օրինակ:
Հարցականի տակ են առնվել նաև ներդրումային այլ նախագծեր, որոնք դեռևս նախորդ իշխանության կողմից ձեռքբերված նախագծեր են։ Դրանցից են «Շնող» ՀԷԿ-ի կառուցման մոտ 200 մլն դոլար արժողությամբ ծրագրի շուրջ առաջացած բնապահպանական աղմուկը, կառավարության կողմից Երևանում երկրորդ ջերմային էներգաբլոկի կառուցման ծրագրի՝ նախկինում ձեռքբերված պայմանների վերանայման ցանկությունը, որը կասկածի տակ է դնում մոտ 300 մլն դոլարի ներդրումը: Պետք է նշել, որ նշված ծրագրերից առաջինն ամերիկյան կապիտալով ծրագիր է, և այս համատեքստում բոլորովին զարմանալի չէ նախորդ ամսվա ընթացում ԱՄՆ դեսպանատան կողմից տարածած հայտարարությունն առ այն, որ ամերիկյան ներդրումների բումի Հայաստանում սպասել պետք չէ: Նույնն է իրավիճակը նաև Սփյուռքի ներկայացուցիչների մասով։ Կառավարության ներկայացուցիչների կողմից կան հանդիպումներ, սակայն Սփյուռքի կապիտալը դեռևս չի շտապում գալ Հայաստան, և սա պայմանավորված է ինչպես վերոնշյալ օրինակների արդյունքում ստեղծված օբյեկտիվ անվստահության մակարդակով, այնպես էլ հետհեղափոխական անորոշությամբ: Առհասարակ, հեղափոխություններից հետո ստեղծվում է քաղաքական ու սոցիալ-տնտեսական բավական փխրուն մթնոլորտ, ուստի արված հայտարարությունները՝ ներդրումային գրոհի մասին, իրատեսական կարող են լինել հանրային լայն զանգվածի, ոչ թե բիզնեսմենի համար:
Ինչևէ, արդարության համար նշենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է նախորդ երեք ամիսների ընթացքում ավելի քան 51 մլն դոլար արժողությամբ 6 ներդրումային ծրագրի հաստատման մասին: Հասկանալու համար՝ որքանով է նոր կառավարության խոստացված բումն իրական, պետք է համեմատական համադրություն նախորդ իշխանությունների՝ նույն ժամանակահատվածում ունեցած արդյունքների հետ: Այսպես՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալներով՝ ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը 2017թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 1.024 մլրդ ԱՄՆ դոլար: Նույն աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ ներդրումների բաշխվածությունն առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում եղել է գրեթե հավասարաչափ՝ 516,7 մլն դոլար՝ առաջին և 507,7 մլն դոլար՝ երկրորդ եռամսյակների ընթացքում:
Այսինքն՝ զուտ թվային պատկերով՝ համեմատության մեջ են ներկայիս իշխանությունների 51 մլն դոլարն ու նախորդների 507,7 մլն-ը:
Արդարության համար պետք է նշել, որ նոր իշխանությունները դեռ չեն մտել կառավարման հունի մեջ և ստացված թվերի կտրուկ տարբերությունը կարող է պայմանավորված լինել նաև դրանով: Այնուամենայնիվ, դա նոր իշխանություններին չի ազատում հանրային տրամադրությունների պահպանմանն ուղղված հայտարարություններում ու գործողություններում ռիսկեր չառաջացնելու պատասխանատվությունից: