Թվում է, թե մեկը մյուսի հետ կապ չունեցող բաներ են, բայց դա միայն թվում է, ու հիմա բացատրեմ ինչու՝ պարզ ու հասկանալի օրինակներով: Հայաստանը անկախացումից ի վեր հետևողականորեն անդամագրվել է տարբեր ու տարատեսակ միջազգային կազմակերպությունների, ստորագրել է տարբեր ու տարատեսակ համաձայնագրեր և ստանձնել է բազմապիսի պարտավորվածություններ՝ հիմնականում արևմտամետ ուղղվածության:
Մենք համարյա 20 տարի առաջ անդամագրվեցինք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ինչը, ըստ իս, բացի նրանից, որ ի թիվս այլ գործոնների հանդիսացավ տեղական արտադրողին սպանող գործոն, ուրիշ ոչ մի լուրջ դերակատարություն չունեցավ մեզ համար:
Ռուսաստանը ԱՀԿ-ին անդամագրվեց, եթե չեմ սխալվում, 2011 թվականին: Թվում է, թե ի՞նչ կապ ունի սա մեզ հետ: Շատ անմիջական․ ԱՀԿ-ի կանոնադրության համաձայն՝ եթե նույն Ռուսաստանը ասենք թե Ֆրանսիային գազը վաճառում է մոտավորապես 400 դոլարով (ինչքան հիշում եմ, դա է գազի միջազգային շուկայական գինը), ապա նա նույնը պետք է անի ԱՀԿ անդամ այլ երկրների համար և հակառակը՝ եթե գազը Հայաստանի վաճառվում է 270 դոլարով, ապա Ֆրանսիային ևս պետք է վաճառվի 270 դոլարով: Իհարկե, գնագոյացության վրա ազդում են տրանզիտի ու փոխադրման վրա արվող ծախսերը, բայց զուտ հումքի գինը պետք է լինի նույնը:
Հիմա տհաճ անակնկալ․ գազի թանկացումը 270 դոլարով չի սահմանափակվելու, և Ռուսաստանը, իր վրա ստանձնած պարտավորություններից ու, ինչո՞ւ ոչ, իր նեղ շահերից ելնելով, գազի գինը էլի է բարձրացնելու Հայաստանի համար, մինչև շուկայական գնի, այսինքն՝ մոտավորապես 400 դոլարի, իսկ լավ իմանալով «ՀայՌուսԳազարդի» ու մեր սուբսիդավորիչ կառավարության ախորժակները, կարելի է հանգիստ ենթադրել, որ սպառողին գազը կհասնի արդեն 800+ դոլար գնով․․․
Հիմա միակ լուծումը, որ քիչ թե շատ հավանական է, այն էլ պայմանով, որ Ռուսաստանը պատրաստ է իրեն վարել որպես ռազմավարական գործընկեր, կայանում է նրանում, որ Հայաստանը պետք է դուրս գա Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, որպեսզի Ռուսաստանը պարտավոր չլինի մեզ համար գազի գինը շուկայական տարիֆով հաշվել: Հասկանալի բան է, որ Ռուսաստանը ինքը դուրս չի գա ԱՀԿ-ից, քանի դեռ Պուտինը իշխանության գլխին է, որովհետև դա նրա ծրագրի առանցքային կետերից էր, թեև ռուսական հանրությունը այդքան էլ չի խանդավառվում ԱՀԿ-ի անդամ լինելու հետևանքներից:
Անցանք միասեռականների ամուսնության օրինականացմանը։ Արդեն ասեկոսեներ են պտտվում, որ ԱԺ-ում մոտ ժամանակներս կընդունվի համասեռամոլների օգտին օրինագիծ․․․ Զուտ պատճառահետևանքային կապի վրա հիմնվելով՝ ես կարծում եմ, որ խոսքը գնում է միասեռական ամուսնությունների օրինականացման կամ միասեռականներին իրավական ինչ-որ այլ տիպի արտոնություններ տալու մասին, որը պայմանավորված է Եվրոպական Միության հետ ասսոցացման պայմանագիր ստորագրելու՝ մեր իշխանության պլանների հետ: Ասոցացում ասվածը ոչ թե ինչ-որ ձևական մանիֆեստներ ստորագրել է, այլ համաձայնագիր, որ Հայաստանը իր օրենսդրությունը և արտաքին/տնտեսական քաղաքականության որոշ ասպեկտներ նույնականացնում է ԵՄ-ի ստանդարտներին, իսկ ԵՄ-ի իրավական մեյնսթրին այսօր, ինչպես գիտենք, հոմոսեքսուալիզմի հզոր լոբբինգն է ու իրավական հավասարացումը հետերոսեքսուալիզմի հետ:
Ամփոփելով այս ամենը՝ կարելի է հանգել այն եզրակացությանը, որ մեր դժբախտությունների համար մենք պարտական ենք մեր քաղաքական վերնախավի հիվանդագին արևմտամետությանը, որովհետև ինչպես ԱՀԿ-ի, այնպես էլ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի պարագայում շահում են մենակ էլիտայի ներկայացուցիչները՝ իրենց մերձավոր շրջապատով, իսկ տուժում է հասարակ քաղաքացին: Իսկ որպեսզի այս դառը կորիզը ավելի հեշտ կուլ տանք, մեզ ասում են՝ «Զատո Եվրոպա ավելի հեշտ վիզա կստանաք»՝ լռելով, որ էն փաստից, որ վիզա ավելի հեշտ ես ստանում, ինքնաթիռի տոմսի գումարը ինքն իրան չի գոյանում, իսկ այ ռեալ ու հանապազօրյա հացը գնալով ավելի թանկ հաճույքի է վերածվում․․․



