Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ, 65-ամյա Ալեքսան Բոզինյանը Դավիթ Բեկ փողոցում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, վարելով Камаз մակնիշի 62 ԼՕ 217 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել քարի հանքի տարածքում՝ ժայռաբեկորների վրա։

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները մեծ աշխատանքներ կատարեցին և պատգարակով նրան տեղափոխեցին և հանձնեցին վթարի վայր ժամանած 1-03 ծառայության շտապօգնության բրիգադին։ Վիրավորը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Փրկարարների աշխատանքը ղեկաավարում էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը։ Տեղում էին նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ։

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ մինչև կողաշրջվելը Ա. Բոզինյանը բեռնատարով բախվել է ВАЗ-2107 մակնիշի 34 TՍ 973 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել