Դերասան Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքում երեկ կրկնակի տոն էր. նա և որդին` կրտսեր Ալեքսանդրը, նշում էին իրենց տարեդարձը։ Հայրը դարձավ 36, որդին` 4 տարեկան։ Այս առիթով նրանք ընտանեկան հավաքույթ էին կազմակերպել երևանյան ռեստորաններից մեկում։ BlogNews.am-ը ներկա է եղել միջոցառմանը: Ներկայացնում ենք ոչ միայն երեկոյի հետաքրքիր դրվագները, այլև հոբելյարի անկեղծ ու հետաքրքիր հարցազրույցը:
- Ալեքսանդր, ինչպե՞ս է մեկնարկել տոնական օրը ձեզ համար, առաջին շնորհավորանքն ումի՞ց եք ստացել:
- Տոնական օրս մեկնարկել է պարզապես հեռախոսային զրույցով: Եղբայրս էր զանգահարել, ու զրույցի ընթացքում առաջին շնորհավորանքը ստացա հենց իրենից: Այնուհետև Լիլիթն ինձ անակնկալի բերեց: Գեղեցիկ նվերներ էր պատրաստել, որոնք թողել էր շքամուտում և կեսգիշերն անց նվիրեց: Ստացվեց այնպես, որ ամբողջ գիշեր տունն էինք զարդարում, որպեսզի առավոտյան, երբ տղաս արթնանար, միանգամից զգար տոնական մթնոլորտն ու օրվա յուրահատկությունը:
- Փաստորեն, այսօր ձեր ընտանիքում կրկնակի տոն է․ դուք դառնում եք 36, իսկ ձեր որդին՝ 4 տարեկան: Ինչպե՞ս եք անցկացնելու օրը:
- Այո, մեր ընտանիքում կրկնակի տոն է, ու այդ տոնի էֆեկտը եռապատկվում ու քառապատկվում է, երբ հասկանում ես, որ նման երջանկություն ամեն մեկի ընտանիքում չի լինում: Ես դա իսկապես երջանկություն եմ համարում, որ իմ առաջնեկի ու իմ ծննդյան օրերը համընկել են, և նա կրում է հենց իմ անունը: Բառերով հիմա դժվարանում եմ նկարագրել այն էմոցիաները, որոնք մենք ստանում ու տալիս ենք մեկ օրում:
- Քանի որ դուք ճոխությունների սիրահար եք, հետաքրքիր է, այս անգամ ի՞նչ ոճում է եղել խնջույքը, և ո՞վ է զբաղվել կազմակերպչական հարցերով:
- Տոնական խնջույքի կազմակերպչական հարցերով զբաղվել ենք ես ու կինս: Նա միշտ պատրաստակամ է այդ հարցերում, և ես շնորհակալ եմ նրան, քանի որ առանց նրա այդքան էֆեկտիվ չէր անցնի ամեն ինչ: Նախորդ տարիներին որդուս և իմ ծնունդներն առանձին էինք նշում՝ նա՝ իր փոքրիկ ընկերների հետ՝ մանկական խաղեր, ատրակցիոններ, իսկ ես՝ իմ ընկերների: Այս տարի որոշեցինք համատեղել:
- Ովքե՞ր էին հրավիրյալները՝ հայտնի գործընկերնե՞ր, թե՞ նախընտրել էիք օրն անցկացնել ընտանեկան նեղ միջավայրում:
- Երեխայի 1-ամյակին և իմ 33-ամյակին մոտ 300 հյուր ունեինք, այս անգամ հրավիրյալները մի փոքր պակաս էին այդ թվից (ծիծաղում է): Ես շատ էի ուզում, որ մեծ խնջույք կազմակերպեինք ու մեծ թվով հյուրեր հրավիրենք՝ ընկերներ, գործընկերներ, ինձ հարազատ մարդիկ, որոնց ներկայությունն այդ օրը իմ ընտանիքին կարող էր երջանկացնել, և այդպես էլ եղավ:
- Ո՞րն է եղել մինչ այս ամենատպավորիչ ու անմոռանալի ծննդյան տարեդարձը ձեզ համար:
- Երեք տարեդարձ կարող եմ առանձնացնել՝ 30-ը, որը նշել եմ մեծ շուքով (այն ժամանակ դեռ ամուսնացած չէի, բայց Լիլիթը կար իմ կյանքում), 32-ը, երբ այդ նույն օրը ծնվեց որդիս (պատկերացնելն անգամ անհնար է, թե ինչ էմոցիաներ եմ ապրել այդ օրը, խոստացա, որ 7 օր պիտի մատաղ անեմ, և այդպես էլ արեցինք) և, իհարկե, 33-ամյակս եմ լավ հիշում, որովհետև որդուս առաջին տարեդարձն էր ու նաև մկրտությունը:
- Ենթադրում եմ՝ Ալեքսանդր կրտսերի ծնունդով ձեր կյանքում ամեն բան վերաիմաստավորվել է:
- Նրա ծնունդով ոչ թե իմ կյանքում շատ բան է փոխվել, այլ փոխվել է ամեն ինչ: Ես դարձել եմ ուրիշ մարդ: Չեն փոխվել բնավորությանս գծերն ու տեսակս, այլ իմ վերաբերմունքն է փոխվել աշխարհի ու մարդկանց հանդեպ: Ես զգում եմ, որ դարձել եմ ուրիշ մարդ: Բոլոր ծնողներն էլ սիրում են իրենց երեխաներին, բայց իմ ու որդուս կապն անբացատրելի է. ես մոլեգին եմ սիրում նրան:
- Ի՞նչ նվեր կցանկանայիք դուք ստանալ և ի՞նչ եք պատրաստվում նվիրել ձեր անվանակից որդուն:
- Դժվարանում եմ ասել՝ ինչ նվեր կցանկանայի ստանալ: Լավագույն նվերը ես արդեն ունեմ․ իմ ընտանիքն է: Իսկ ահա որդուս համար մեկ նվեր չեմ պատրաստում, այլ մի քանիսը: Ես շատ եմ սիրում այն պահը, երբ Ալեքսանդրը տարբեր նվերներ է տեսնում ու, ցայտնոտի մեջ ընկած, չի կողմնորոշվում՝ որը առաջինը բացի: Իր այդ էմոցիաները ուղղակի պաշտում եմ: Իհարկե, ոչ միշտ ենք նրան այդպես երես տալիս, որ երեխան չկորցնի իր հետաքրքրությունը նվերների հանդեպ, բայց տարվա մեջ երկու անգամ պարտադիր Ալեքսին նման անակնկալ մատուցում ենք՝ Նոր տարվա գիշերը և իր ծննդյան տոնին:
- Ի՞նչ նվեր է մատուցել ձեզ Լիլիթը:
- Լիլիթի խնդիրն իրականում մի փոքր բարդ է, քանի որ նա միանգամից երկուսի համար պիտի նվերներ պատրաստի: Բայց կինս, ինչպես միշտ, ինձ զարմացնում է և հիացնում իր անսպառ երևակայությամբ: Ամեն անգամ նորովի է մատուցում անակնկալը: Թե կոնկրետ ինչ նվերի մասին է խոսքը, չեմ ասի, գաղտնիք է: Կինս նախանձելի ճաշակ ունի նվերներ ընտրելու հարցում:
- Շատերն են պնդում՝ ժամանակի մեքենա ունենային, անցյալ կվերադառնային ու իրենց կյանքում որոշ բաներ կփոխեին: Հատկապես տարեդարձի օրերին այսպիսի մտայնություն ունենո՞ւմ եք:
- Ես եթե ունենայի ժամանակի մեքենա, պարզապես մի տասը տարի հետ կգնայի ոչ թե ինչ-որ բան փոխելու համար, այլ կուզենայի լինել այս նույն կարգավիճակում, նույն մարդկանց ընկերակցությամբ, մասնագիտական նույն բարձունքի վրա, բայց մի տասը տարի երիտասարդ: Ոչինչ չէի փոխի, իրոք, ես իմ կյանքը շատ ճիշտ ու գրագետ եմ ապրել:
- Եվ վերջում, Ալեքսանդր, խոսենք 36 տարիների ձեր ամենակարևոր ձեռքբերումների մասին:
- Բազմաթիվ են ձեռքբերումներս ու բոլորն էլ շատ կարևոր: Կոնկրետ մեկը չեմ առանձնացնի: Ընտանիքս, որդիս, ում հանդեպ սերը հիվանդության է նման: Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ. տարիները ցույց կտան: Ալեքսանդր կրտսերը մեր ընտանիքի արտացոլանքն է ու իմ ու Լիլիթի անսահման սիրո արդյունքը: Իրենից ավելի մեծ ձեռքբերում այս կյանքում չեմ պատկերացնում:
Տարիների հետ, բնականաբար, ձեռքբերումների թիվն ավելանում է, ու յուրաքանչյուր հաջողություն հաջորդ ձեռքբերման հիմքն է հանդիսանում: Կարծում եմ՝ դա շնորհակալ մարդ լինելու արդյունքն է, ով կարողանում է գոհանալ անգամ չնչին բաներից: