Քաղաքականության վերածված միջազգային գունավոր Եվրատեսիլն այս տարի բուռն քննարկումների արժանացավ: Երեկ կայացավ շոու ծրագիրը, ուր հայերը վրդովմունք ապրեցին «պատվավոր» 18-րդ հորիզոնականից: Թերևս բարկության պատճառ նաև հանդիսացավ հարևան թշնամի պետության` Ադրբեջանի երգչի ինքնատիպ ելույթը, լավ բեմադրությունն ու հետաքրքիր լուծումներով շոուի 2-րդ հորիզոնականը: Ըստ իս` ստացված ելույթ էր այնքանով, որ այսօր երգում էի այն քթիս տակ ու արժանանում ընկերներիս կողմից հնչող նույն ենթատեքստին, թե թշնամու երգն ինչու ես քթիդ տակ մրթմր թում:Բայց եկեք 3 րոպեով մոռանանք 20-ամյա թշնամանքն ու դատենք այն որպես երգ: Եթե ուղղակի մոռանանք ներկայացնող երկիրն ու միացնենք երգը, ապա փակենք աչքերը, կհասկանանք, որ այն արթնացնում է գեղեցիկ հիշողություններ ու դիպչում է հոգուդ ամենանուրբ լարերին: Շատերի համար վրդովմունքի պատճառ նաև հանդիսացավ բարեկամ Ռուսաստանի բարեհամբույր 2 միավորը մեզ` հայերիս, և 12-ը` Ադրբեջանին: Հենց այս «փոքրիկ» միջադեպն էլ տեղիք տվեց շատերին մրցույթին քաղաքական մեկնաբանություններ թողնելու:
Մի քանիսը պարզաբանում էին, որ մինչ եվրոպացիները ընդունում են հայերի ցեղասպանությունն ու նրանց ողջ ուշադրությունը մեզ վրա է, մերն էլ՝ նրանց , ՌԴ-ն և Ադրբեջանը միասին զբաղված են քաղաքական – գազային հարաբերություններ իրականացնելով: Այստեղ համոզվում ենք, որ մեր շերեփն էլի թղթից էր:
Շատերն իբր անկեղծացան, թե չեն նայել այս տարի Եվրատեսիլը միայն այն պատճառով, որ երգում չկար ազգային էլեմենտ, իսկ երգը, որով «Դորիանս» խումբը ներկայացավ, հոգնեցնող է եվրոպացիների համար, քանի որ Եվրոպան օրական նման հազարավոր երգեր է ունկնդրում:
Շատերն էլ համառոտ ասացին, որ շոու չկար, և «Եվրատեսիլ 2013»-ն անվանեցին «Եվրոթութակ 2013»:
Այս անգամ ևս շատ էին «ծախված էր» մեկնաբանությունները: Հետևելով ֆեյսբուքյան ակտիվիստներին՝ հանդիպեցի նմանատիպ գրառման.
-Եվրատեսիլի առաջին հորիզոնականը ծախված էր, հենա դուք առնեիք: Սփյուռքն անտեսեց մեզ, դուք էլ իրենց անտեսեք ու մի՛ արտագաղթեք նրանց մոտ:
Նույն երիտասարդը նաև վստահաբար ասում է.
-Վստահ եմ՝ եթե Էմին Դավիդովը մանակցեր, ավելի բարձր հորիզոնական կզբաղեցնեինք ու ոչ թե նրա համար, որ լավ կերգեր, այլ որ շոու կաներ բեմում ու կգրավեր հազարավորների սրտերը:
Ահա մի քանիսն էլ ջանասիրաբար youtube սոց.կայքը քրքրելուց հետո գտան ռուսական մի երգ, որն իրենց հերթին հիմք ծառայեցրին ադրբեջանական երգին:
Եվրատեսիլյան գլխապտույտ առաջացնող թոհուբոհին անդրադառնալուց հետո ուզում եմ շնորհավորել դանիացի աղջկան և իր հետ աշխատած թիմակիցներին: Հուսանք, որ այս ամենն իր լուրջ ու դրական անդրադարձը կունենա հայերիս վրա, մանավանդ եվրատեսիլյան շունչը պահող հայ կազմակերպիչների վրա: Մնում է հուսալ, որ մյուս տարի կունենանք շոու ու համապատասխանաբար լավ երգ, կզբաղեցնենք անչակերտ պատվավոր հորիզանականն ու զերծ կմնանք քաղաքականացնող ու ծախված համարող մարդկանց մեկնաբանություններից: 
Հ.Գ. Ես ևս սիրում եմ «Դորիանս» խումբը` առանձնապես Գոռին: Ինձ համար նրանք 1-ին տեղում են իրենց հոգեպարար երգով, բայց կցանկանայի, որ դա չսահմանափակվեր սուբյեկտիվ կարծիքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել