Ռուսաստանի Դաշնության Գերագույն  դատարանը օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստան արտահանձնելու մասին  Գլխավոր դատախազության որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը,  նա մեղադրվում է խարդախության համար:

«Գերագույն  դատարանի դատական կոլեգիան որոշում է կայացրել անփոփոխ թողնել և ճանաչել օրինական և հիմնավորված Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու Գլխավոր դատախազության  որոշումը»,- ասել է դատարանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Մարտիրոսյանը մոտ ժամանակներս կարտահանձնվի:

2017 թվականի դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Մարտիրոսյանին արտահանձնել Հայաստան, սակայն կինպրոդյուսերը որոշումը բողոքարկել է: 2018 թվականի հունվարի 30-ին Մոսկվայի քաղաքային դատարանը   մերժել է բողոքարկումը: Սակայն Մարտիրոսյանի պաշտպանական կողմը չի համաձայնվել դատարանի որոշման հետ և դիմել է Գերագույն դատարան:

2017 թվականի հոկտեմբերից Մարտիրոսյանը գտնվում է  Մոսկվայի մեկուսարաններից մեկում:  Ըստ քրեական գործի նյութերի՝ Մարտիրոսյանը մեղադրվում է 2011-13 թվականներին  առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու՝ ավելի 47 միլիոն դոլար գումարի չափով վնաս պատճառելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել