Ամերիկացի գրող Քրեյգ Յունգերը հաջորդ շաբաթ կհրատարակի «Թրամփի տունը, Պուտինի տունը. Դոնալդ Թրամփի ու ռուսական մաֆիայի անհայտ պատմությունը» վերնագրով գիրքը, որը սկանդալային բացահայտումներ է անում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անցյալի վերաբերյալ: 

Ինչպես նշում է Daily Mail-ը, գրողի պնդմամբ՝ Թրամփը 1987թ. իր առաջին կնոջ՝ Իվանայի հետ Խորհրդային Միություն կատարած այցի ժամանակ օգտվել է տեղի մարմնավաճառների ծառայություններից, ինչից հետո ռուսական հետախուզության գործակալներն ապագա նախագահի դեմ կոմպրոմատ են հավաքել: Արդյունքում՝ Կրեմլը սկսել է շանտաժի ենթարկել միլիարդատիրոջը:

Հայտնի է, որ գրքի հեղինակն այս մասին իմացել է ՊԱԿ-ի հակահետախուզության բաժնի նախկին ղեկավար Օլեգ Կալուգինից: Վերջինս մանրամասնել է, որ Թրամփն օգտվել է բազմաթիվ երիտասարդ մարմնավաճառների ծառայություններից, իսկ Կրեմլն էլ դրան հետևել է:

Կալուգինը նշել է, որ այն ժամանակ ԽՍՀՄ-ում լայն կիրառվող պրակտիկա էր մարմնավաճառների միջոցով օտարերկրյա կարևոր դեմքերի դեմ կոմպրոմատ հավաքելը:

«Ձեզ մոտ դուք խնդրում եք երիտասարդներին կանգնել ու հպարտ ծառայել երկրին: Ռուսաստանում մենք երբեմն խնդրում ենք կանանց պառկել ու ծառայել հայրենիքին»,- նկատել է Կալուգինը:

Հայտնի է, որ Թրամփը ԽՍՀՄ է ժամանել ՄԱԿ-ում Միության դեսպան Յուրի Դուբինինի առաջարկով՝ Մոսկվայում նոր հյուրանոցի կառուցման շուրջ բանակցելու համար: Այնտեղ գործարարը 24 ժամ գտնվել է ՊԱԿ-ի հսկողության ներքո։

Գրքում, որի մի օրինակը հայտնվել է բրիտանական պարբերականի խմբագրության տրամադրության տակ, հեղինակը նշում է, որ Թրամփը շատ «հեշտ թիրախ էր» խորհրդային հետախուզության համար:

Եվ թեպետ Յունգերը Թրամփին վարկաբեկող տեսանյութերի առկայության մասին որևէ իրեղեն ապացույց չունի, այնուհանդերձ՝ նա պնդում է, որ 72-ամյա հանրապետականը Սպիտակ տանը «Պուտինի մարդն է»:

Գրքի համաձայն՝  Թրամփը բազմամիլիարդանոց բիզնես գործարքներ է կնքել ռուս օլիգարխների հետ՝ ՌԴ նախագահ Պուտինին տեղյակ պահելով, թե նրանք որքան գումար են հանում Ռուսաստանից, որտեղ ու ինչպես են այն ծախսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել