Ապոլլոն և Դաֆնե

Դաֆնեն գետերի աստված Պենեուսի դուստրն էր: Նա գայթակղել էր Արևի ու երաժշտության աստված, գեղեցիկ Ապոլլոնին: Սակայն, ի դժբախտություն Ապոլլոնի, Դաֆնեն խուսափում էր տղամարդկանցից:

Մի անգամ Ապոլլոնը, Դաֆնեին հետևելով, հասավ անտառ: Դաֆնեն վախեցել է ու հուսահատ կերպով սկսել օգնության կանչել թե հորը, թե Հողին: Հենց այդ պահին նա վերածվել է դափնու ծառի:

Արևի հուսահատ աստվածը այդ ծառից ճյուղ է պոկել ու դրանից ծաղկեպսակ հյուսել: Այդ ծաղկեպսակը Ապոլլոնը մշտապես կրում էր՝ ի հիշատակ իր սիրեցյալի՝ Դաֆնեի: Հույները դափնու ճյուղի օգնությամբ սկսեցին պատվել պոետներին, սպորտսմեններին ու հաղթող ռազմիկներին:

Հերմես և Ապեմոսին

Աստվածների սուրհանդակ, հանգուցյալների հոգիներին դեպի դժոխք ուղեկցող Հերմեսը խորամանկության ու ճարպկության աստվածն էր: Նա սիրահարվել էր Ապեմոսինին՝ Կրետեի արքա Կատրեուսի դստերը: Երբ արքայադուստրը ճամփորդում էր Ռոդոսում, Հերմեսը նկատել է նրան ու ընկել նրա հետևից, սակայն աղջիկը, պարզվում է, շատ արագաշարժ էր ու կարողացավ փախուստի դիմել:

Ինչպես նշվեց, Հերմեսը հայտնի էր իր խելքով ու ճարպկությամբ: Նա պարզեց, թե որ ճանապարհով է Ապեմոսինը գնում գետ՝ լողալու, և այդ ճանապարհին մորթի է փռում: Աղջիկը, չնկատելով մորթին, սայթաքում է, ընկնում, և Հերմեսը միանգամից տիրանում է նրան:

Ապեմոսինը հղիացավ: Նա իր դժբախտության մասին պատմում է եղբորը՝ Ալտեմենին, սակայն վերջինս նրան չի հավատում: Ինչու՞ որևէ աստված պետք է կամենար տիրանալ մահկանացուին: Որպես պատիժ «ստի» համար՝ Ալտեմենը հարվածում է Ապեմոսինին ու սպանում նրան: Ահա թե ինչքան «նուրբ» էր եղբայրական սերը:

Աթենաս և Հեփեստոս

Հեփեստոսը լույս աշխարհ էր եկել որպես թուլակազմ ու կաղ երեխա: Թե ովքեր էին նրա ծնողները, հստակորեն հայտնի չէ: Ոմանք ասում են, որ նա Զևսի ու Հերայի որդին էր, մյուսները՝ թե Հերան, տեսնելով երեխայի տգեղությունը, բարկացել է ու նրան Օլիմպոսից ցած նետել, և երեխային մեծացրել են նրա մորաքույր-տիտանները՝ Էվրինոմեն ու Թետիսը: Հետագայում Հեփեստոսը հմուտ դարբին է դառնում:

Ամեն ինչ ավարտվեց հետևյալ կերպ. Հեփեստոսն ամուսնացավ Աֆրոդիտեի հետ, սակայն միաժամանակ փորձում էր բռնի ուժով տիրանալ Աթենասին: Սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց, քանի որ բոլորս էլ գիտենք, որ Աթենասը մինչև կյանքի վերջ մնաց կույս-աստվածուհի: Հեփեստոսի սերմն ընկավ Հողի վրա (որի աստվածուհին Գեան էր), և երեխա լույս աշխարհ եկավ: Գեան չուրախացավ այդ փաստից ու հրաժարվեց երեխայից:

Հետաքրքիր է, սակայն Աթենասը չարություն չէր տածում Հեփեստոսի նկատմամբ այն բանի համար, որ նա փորձել էր զրկել իրեն թանկարժեք կուսությունից: Ընդհակառակը, նա ինքնուրույն դաստիարակեց այն երեխային, որից հրաժարվել էր Գեան:

Ապոլլոն և Կասանդրա

Կրկին Ապոլլոնի մասին: Այս անգամ նրան խաղացրին մատների վրա: Աստվածը սիրահարվել էր տրոյական արքայի գեղեցիկ դստերը, ում անվանում էին Կասանդրա կամ Ալեքսանդրա: Իրեն սիրելու դիմաց Ապոլլոնը Կասանդրային խոստացավ նվիրել մարգարեական պարգևը: Աղջիկը համաձայնեց, սակայն չպահեց իր խոսքը: Որպես վրեժ՝ Ապոլլոնը անիծեց Կասանդրային. «Թող ոչ ոք չհավատա նրա կանխատեսումներին»: Հենց այս անեծքն էր պատճառը, որ Տրոյական պատերազմի ժամանակ Կասանդրային բռնի ուժով տիրացավ Այաքս Կրտսերը: Ավելի ուշ նրան սպանեցին Ագամեմնոնի հետ միասին, ով աղջկան գերության մեջ էր պահում:

Կա մեկ այլ առասպել ևս: Մանուկ հասակում Կասանդրան իր եղբոր՝ Հելենի հետ միասին գիշեր է անցկացրել Ապոլլոնի տաճարում: Երբ առավոտյան նրանց հետևից եկել են ծնողները, սատանայական պատկերի են հանդիպել. երեխաները փաթաթված էին սուրբ օձերով, որոնք երեխաների ականջին ինչ-որ բաներ էին շշնջում՝ խոստանալով տալ մարգարեական պարգևը:

Մեծանալով՝ Կասանդրան վերադարձավ տաճար, և նրան երևաց Ապոլլոնը: Վերջինս, ինչպես և նախորդ պատմությունում, իր ցանկությունների մասին հայտնեց աղջկան, սակայն մերժում ստացավ ու անիծեց Կասանդրային:

Աստերիա, Զևս և Պոսեյդոն

Աստերիան տիտաններ Կոյոսի և Փոյբեի դուստրն էր, ինչպես նաև գիշերվա աստվածուհու ու ընկնող աստղերի: Աստերիան ամուսնացավ մեկ այլ տիտանի՝ Պերսի հետ, ումից դուստր ունեցավ՝ Հեկատան:

Աստերիայի ծնողները՝ Կոյոսն ու Փոյբեն, Գեայի ու Ուրանի երեխաներն էին, հետևաբար Աստերիան Զևսի զարմուհին էր, սակայն դա վերջինիս չխանգարեց ցանկանալ Աստերիային: Աստերիան փախչում էր նրանից՝ մի քանի անգամ վերածվելով տարբեր կենդանիների: Վերջիվերջո նա ընդունեց լորի տեսք ու նետվեց Էգեյան ծով: Ծովն էլ իր հերթին Աստերիային վերածեց Օրտիգիա կղզու:

Համաձայն այլ լեգենդի՝ Զևսից բացի՝ Աստերիայի վրա աչք էր դրել նաև Պոսեյդոնը: Պոսեյդոնից փախչելու ժամանակ էլ վերածվել է մեկ այլ կղզու՝ Դելոսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել