Կառավարությունում այսօր տեղի ունեցած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանդիպում-քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, որը բացի ֆինանսական աջակցությունից իր փորձի և կարողությունների վրա հիմնվելով ճիշտ խորհուրդներ է տալիս առանցքային ոլորտներում զարգացումն ապահովելու ուղղությամբ:

Փոխվարչապետի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի իրականացումը երկրի զարգացման համար կարևորագույն ոլորտներում՝ ընդգծելով, որ համատեղ իրականացվող ծրագրերի նպատակները համահունչ են Հայաստանի զարգացման տեսլականի հետ:

Հանիպմանը ներկա ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  նշել է. «Հայաստանը կարող է հպարտանալ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունն այստեղ մարդասիրական օգնությունից վերաուղղորդվել է դեպի առևտրի խթանում և պատշաճ կառավարում: Սա օգնում է տնտեսական աճին և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՝ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելով կենսապայմանների և կենսամակարդակի բարելավման: Մեր գործընկերների հետ մեկտեղ մենք կերտում ենք մի այնպիսի ապագա, որը երկուստեք շահավետ է մեր ժողովուրդների համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել